Ավտոմեքենաների` անօրինական բաժանված ՊՆ հարյուրավոր պետհամարանիշեր հետ են հավաքել... նույնիսկ սիրուհիներից
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Բոլորը կարող են վկայել, որ մեր մայրաքաղաքը ողողված էր ՀՀ պաշտպանության նախարարության պետհամարանիշեր կրող ավտոմեքենաներով: Ասում են` դրանք կրկնակի շատ էին, քան նախարարության ողջ անձնակազմը` հավաքարարից մինչև նախարար: Բարեկամ, ծանոթ, ընկեր–ընկերուհի այնքան են բաժանել, որ հաշիվը կորցրել են:
Ի դեպ, սա շատ թանկ նվեր է: Որովհետև պետավտոտեսուչը երբեք չի կանգնեցնում` մեկ: Երկրորդ` կարմիր գծերի տարածքում կանգնում ես` տուգանք չի գալիս, երրորդ` խախտումդ նկարում են` չեն տուգանում: Ու նաև` «պրիստիժ» է:
Բայց հունիսի 6–ից քաղաքը մեկեն «դատարկվեց» այդ պետհամարանիշերից: Որովհետև դա վերջնաժամկետն էր: Բոլորից, ում անօրինական է տրվել, սկսեցին հետ հավաքել: Անխտի՛ր բոլորից: Ինչո՞ւ: Շատ չծավալվենք: Մի երկու միջադեպ ներկայացնենք:
Սայաթ–Նովա փողոցում ՊՆ բարձրաստիճան մի պաշտոնյա քաղաքացիական հագուստով զբոսնելիս նկատում է «Նիսան–Մարչ» մակնիշի մի ավտոմեքենա (սա էն դամսկի փոքրիկ մեքենաներից է)` Պաշտպանության նախարարության պետհամարանիշերով: Մոտենում է ավտոմեքենայի վարորդին, ավելի ճիշտ` վարորդուհուն, սլացիկ, երկարոտն գեղեցկուհուն և հարցնում. «Աղջիկ ջան, ոնց անե՞նք, որ ես էլ ՊՆ պետհամարանիշ ունենամ»: «Օ՜, դա շատ թանկ հաճույք է, հոպար»,– ասում է աղջիկը: Կես ժամ անց պաշտոնյան պարզում է, որ այդ աղջիկը իրենց համակարգից մեկի սիրուհին է, չէ՛, կոպիտ ասեցինք, ընկերուհին է…
Լրատվամիջոցների ներկայացուցիչները նկատել էին, որ 200 հազար դոլար, 100 հազար դոլար արժողությամբ մի քանի ավտոմեքենաներ են շրջում ՊՆ պետհամարանիշերով և աղմուկ էին բարձրացրել, թե այս ի՞նչ շքեղություն է, դրանցով մի քանի հատ տանկ կարելի է գնել: Նախարարությունում պարզել էին, որ դրանք իրենց մեքենաները չեն, այլ ինչ–որ անհատների… Ինչևէ: Դանակը ոսկորին հասավ: Նախարարությունը որոշում կայացրեց, և արդեն սկսել է բոլոր ՊՆ պետհամարանիշերը հետ վերցնել դրանք անօրինական օգտագործողներից:
Մեր տվյալներով` համապատասխան մարդիկ զանգահարել են նաև հանրությանը հայտնի գեներալին ու խնդրել վերադարձնել բոլոր ՊՆ պետհամարանիշերը: Նրանք էլ ասել են, թե իրենք կխոսեն նախարարի հետ: Սակայն աշխատակիցը պնդել է, թե` հիմա տվեք, երբ նախարարը թույլատրի` կվերադարձնենք:
Ցավոք, այս որոշումից նաև ազնիվ մարդիկ են տուժել: ՊՆ–ում աշխատակիցներից շատերը իրենց անձնական ավտոմեքենան, որը ՊՆ պետհամարանիշ էր կրում, ծառայեցնում են բանակին: Նրանցից էլ են առգրավել:
Վերջին շրջանում այս ամենից շահում էին… կարմիր գծերի տերերը: Որովհետև քանի օր է` հարյուրավոր ավտոմեքենաների վարորդներ անընդհատ տուգանվում են, քանի որ միշտ ունեցել են ՊՆ պետհամարանիշեր, և հիմա, երբ այն հանձնել են, իներցիայով կարմիր գծերն արհամարհում են…
Մենք զանգահարեցինք ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին` պարզելու, թե պետհամարանիշերի «առգրավումն» ավարտվել է, արդյոք:
– Պարոն Հովհաննիսյան, անօրինական կերպով օգտագործվող բոլո՞ր ՊՆ պետհամարանիշերն են հետ վերադարձվել:
– Երեք ամիս առաջ բոլորից հետ ենք վերցրել: Բայց խնդիրը անօրինական, օրինականը չէր, դա ձեր բնորոշումն է, խնդիրը Պաշտպանության նախարարության գործառույթների հետ կապ չունեցող մեքենաների պետհամարանիշերը վերադարձնելն էր:
– Հայտնի գեներալները նույնպե՞ս վերադարձրել են:
– Իմ իմանալով` այո: Բայց ընդհանրապես բոլորինն է վերադարձվել: Նա, ում աշխատանքը ուղղակի կամ անուղղակի չի առնչվում Պաշտպանության նախարարության հետ և ծառայողական մեքենայի կարգավիճակ չունի, վերադարձրել է:
– Հնարավո՞ր է հետագայում որոշ անձանց հետ վերադարձնեք իրենց ՊՆ պետհամարանիշերը:
– Նման տեղեկություն չունեմ: Եվ կարծում եմ` նման բան չի եղել և չի էլ կարող լինել:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: