Ստացվում է՝ մեզանից հերթական անգամ թաքուն ստորագրվել է հուշագիր Գորիս-Կապան, Կապան-ճակատեն տանող ճանապարհների մասին․ «Իմ քայլը» լքած պատգամավոր. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«ArmLur.am-ը մի քանի հարց է ուղղել ԱԺ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանին: Մենք, մասնավորապես, հետաքրքրվել ենք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության այն հայտարարության մասին, թե հանրության շրջանում չկա արտահերթ ընտրությունների գնալու հանրային պահանջ: Մենք անկախ պատգամավորից հետաքրքրվեցինք՝ արդյոք քննարկումներ ունեցե՞լ է հանրության հետ, և ինչ դիրքորոշում ունեն Սյունիքի մարգի բնակիչներն այդ հարցի հետ կապված: «Ես չգիտեմ՝ ինչու են այդպիսի որոշում կայացրել, բայց ակնհայտ է, որ կա հանրային մեծ դժգոհություն, և մարդիկ փոփոխություն են ուզում: Ինչ վերաբերում է Սյունիքի մարզին, ապա ես իմ շփումներում կարող եմ ասել, որ կան մարդիկ, որոնք սատարում են Նիկոլ Փաշինյանին, բայց նրանք ևս ցանկանում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ», - նշեց նա:
-Տիկին Գրիգորյան, իշխանությունը պարզեց, որ այլևս պետք չէ գնալ արտահերթ ընտրությունների, քանի որ հանրության լայն շրջանում, ըստ իրենց, դրա պահանջը չկա: Դուք, լինելով Սյունիքի մարզից ընտրված պատգամավոր, այս ժամանակահատվածում քննարկումներ, հանդիպումներ ունեցե՞լ եք հանրության հետ: Ի՞նչ մոտեցումներ ունեն ձեր մարզի բնակիչները:
֊Ես չգիտեմ, թե ինչու է իշխանությունը որոշել, որ հանրային լայն շերտերում կոնսեսուս չկա արտահերթ խորհրդարանական ընտրություն իրականացնելու, որովհետև նրանք առհասարակ նաև չեն նշում, թե ինչ չափման միավոր են օգտագործել և ինչպիսի շփումների արդյունքում դա պարզել: Բայց ակնհայտ է, որ կա հանրային լայն դժգոհություն, մարդիկ փոփոխություն են ուզում: Ինչ վերաբերում է հարցին, թե Սյունիքի մարզում արդյոք կա Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների կազմակերպելու օրակարգ, ես իմ շփումներում կարող եմ ասել, որ, իհարկե, կան նաև մարդիկ, որոնք սատարում են Նիկոլ Փաշինյանին, սակայն իրենք էլ կուզեին արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որպեսզի վերահաստատեին, նոր մանդատ տային իշխանություններին՝ ավելի համարձակ քայլեր անելու և այլն: Բայց ես վստահեցնում եմ, որ շատ լայն շերտ կա հանրության մեջ, որոնք մտածում և պնդում են, որ Նիկոլ Փաշինյանն իշխանությունից պետք է հեռանա, և անցկացվեն խորհրդարանական ընտրություններ:
-Սյունիքի մասին ամենաշատն են խոսում, ի՞նչ է տեղի ունենում այնտեղ: Մի հատվածը պնդում է՝ ճանապարհներին ադրբեջանցիների կարող ենք հանդիպել, մի հատվածը պնդում է, թե դրանք ռուս խաղաղապահներն են, ոմանք ասում են, որ այնտեղ ապրելն այլևս անվտանգ չէ: Ի՞նչ է կատարվում Սյունիքում: Այցեցե՞լ եք Սյունիք, ի՞նչ իրավիճակ է այնտեղ հիմա:
-Ցավոք, դա ոչ թե պատմություն է, այլ իրականություն, որտեղ ապրում են սյունեցիներն ամեն օր՝ տեսնելով սահմանամերձ բնակավայրերը: Նրանք այնտեղ ապրում են՝ ամեն օր իրենց պատշգամբից տեսնելով ադրբեջանցի զինվորներին: Սա չի կարող մտահոգիչ չլինել սյունեցիների համար: Օրինակ՝ Գորիս-Կապան ճանապարհով անցնելիս տեսնում ես զինված ադրբեջանցու, որը կանգնած է հենց ճանապարհի վրա: Իշխանության առանձին ներկայացուցիչներ խոսում են, թե Սյունիքն անվտանգ է, բայց չեն ասում, թե ինչպես է անվտանգ, և իրենք անվտանգության ինչպիսի երաշխիքներ են տալիս: Ես կարծում եմ, որ բազմաթիվ ծրագրեր պետք է իրականացնել այնտեղի անվտանգությունն իրականացնելու համար:
֊Նախօրեին Հրանտ Բագրատյանը մի հայտարարությամբ հանդես եկավ, որ ինչ-որ գաղտնի փաստաթուղթ է ստորագրվել ինչ-որ ռուս-թուրքական գաղտնի հարց են լուծել: Իշխանությունն էլ չցանկացավ բացահայտել, սակայն իր խոսքում հաստատեց, և արգելվեց լրագրողների մուտքը Սյունիքի մարզ՝ առանց ԱԱԾ-ի թույլտվության: Սա ի՞նչ է նշանակում:
-Մինչև վերջերս մենք գիտեինք, որ կա նոյեմբերի 9-ին հայտարարություն, որում նշված էր, որ հայկական զորքերը պետք է դուրս բերվեին Զանգելանի և Կուբաթլուի տարածքներից: Բայց մենք տեսանք, որ բանավոր պայմանավորվածության արդյունքում մենք ստիպված ենք եղել զիջել մեր անվտանգության գոտին: Հ. Բագրատյանի հրապարակած փաստաթղթին ես վերջերս ծանոթացել եմ, այն խիստ մտահոգիչ է: Ստացվում է, որ մեզանից հերթական անգամ թաքուն ստորագրվել է հուշագիր, որտեղ, նշված է, որ Գորիս-Կապան ճանապարհը, ինչպես նաև Կապան-ճակատեն տանող ճանապարհը, ըստ էության, հսկվում է հայկական և ադրբեջանական ուժերի կողմից, կա նաև Ռուսաստանի միջնորդություն, ու նշված է՝ առնվազն 5 տարով, այսինքն՝ եթե 6 ամիս առաջ կողմերից մեկը չի դիմում չեղարկելու համար հուշագիրը, ապա չի չեղարկվում, և ավտոմատ կերպով հուշագիրը երկարաձգվում է: Մենք հասկանո՞ւմ ենք, որ մենք ունենք 5 տարի: Սա լրջագույն խնդիր է, և պետք է ավելի հստակ խոսել սրա մասին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում