«Ինվալիդ եմ…». 5 տարի «առանց դադարի» Դուբայում սեռական շահագործման ենթարկված որբ աղջիկը հիվանդացել և ուղարկվել է Հայաստան
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ1in.am-ը գրում է.
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ավարտվեց Աղունիկ Այվազյանի գործի դատական քննությունը:
38-ամյա փոքրամարմին Աղունիկը կազմակերպված խմբի կազմում է ընդգրկված եղել: Խումբը զբաղվել է թրաֆիքինգի նպատակով մարդկանց հավաքագրելու, տեղափոխելու, փոխանցելու, թաքցնելու, սեռական՝ պոռնկության շահագործման վիճակի մեջ դնելու և պահելու հանցավոր գործունեությամբ: Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող մի խումբ անձինք էին ստեղծել կազմակերպված հանցավոր խումբը և հանցավոր մտադրություններն իրագործելու նպատակով կատարել էին դերաբաշխում:
Կոնկրետ Աղունիկը Հայաստանից հավաքագրել է կանանց , համոզել է, նրանց անձնագրի պատճենն ուղարկել է հանցավոր խմբի ղեկավարին, իսկ վիզան ու տոմսը ստանալուն պես հայ կանանց ուղարկել է Դուբայ:
Աղունիկը որպես մարմնավաճառ Դուբայ ուղարկված յուրաքանչյուր հայ կնոջ համար կազմակերպված խմբի կողմից ստացել է, ըստ նրա վերաբերյալ քննված նախորդ քրեական գործերի նյութերի, 1000-1500 դոլար:
Թրաֆիքինգով զբաղվող այս կազմակերպված խմբի գործով դատապարտված է մոտ մեկ տասնյակ մարդ, որոնց մի մասը կազմակերպված խմբի անդամ է, մի մասն աշխատել է խմբի կազմում:
Խմբի պարագլուխ Նելլին ու մի քանի անդամներ դեռ հետախուզման մեջ են, նրանց վերաբերյալ գործից մաս է անջատված:
Սա թրաֆիքինգի մեծ գործի հերթական ճյուղերից է՝ հարուցված այլ մեղադրանքով:
Խմբի կազմում «աշխատած» Աղունիկ Այվազյանը հայտնաբերվել է 2010 թվականի հուլիսի 14-ին: Այդ ժամանակից սկսած՝ նրա վերաբերյալ կայացվել էր երկու դատավճիռ՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից: Երրորդ դատավճիռն էլ, ահա, կայացվեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից:
Մայրաքաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Աղունիկ Այվազյանի գործով առաջին դատավճիռը կայացրել է 2013 թվականի մայիսի 2-ին:
2013 թվականի մարտին Աղունիկ Այվազյանը հանդես է եկել մեղայականով՝ խոստովանելով նոր արարքներ, որոնք տեղ են գտել նոր քրեական գործում:
Առաջին դատավճռով թրաֆիքինգի համար մեղավոր ճանաչված Աղունիկ Այվազյանը վերջին հաշվով դատապարտվել է 11 տարի 7 ամիս ազատազրկման:
Այնուհետև նոր տուժողներ են ի հայտ եկել, ու Աղունիկ Այվազյանը նորից տեղ է գրավել ամբաստանյալի աթոռին:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Աղունիկ Այվազյանին երկրորդ քրեական գործով ևս մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի՝ թրաֆիքինգով զբաղվող կազմակերպված խմբի կազմում տուժողների հավաքագրման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի 3-րդ մասի 1-ին մասով:
Աղունիկ Այվազյանը դատապարտվել է 11 տարի ազատազրկման: Այս պատիժը մասնակիորեն գումարվել է նախորդ դատավճռով նշանակված պատժին, ու վերջնական պատիժ է նշանակվել 12 տարի ազատազրկումը:
Ինչպես նախորդ երկու գործերի քննության ժամանակ, այժմ ևս Աղունիկ Այվազյանը հրաժարվել էր պաշտպան, նաև՝ հանրային պաշտպան ունենալու իրավունքն իրացնելուց:
Այս քրեական գործով Աղունիկ Այվազյանը մեղադրվում էր ոչ թե թրաֆիքինգի, այլ այն բանի համար, որ կազմակերպված խմբի կազմում գույքային օգուտ ստանալով՝ նպաստել է կոնկրետ մեկ տուժող կնոջ՝ Ալվինա Պ.-ի (անունը փոխված է) կողմից պոռնկությամբ զբաղվելուն:
Աղունիկ Այվազյանն իրեն մեղավոր է ճանաչել:
Նա հայտնել է, թե Նելլիին ճանաչել է 2001 թվականից: Ինքը Նելլիի առաջարկով Հայաստանից հավաքագրել է կանանց, ուղարկել է Դուբայ, որտեղ նրանք, Նելլիի ղեկավարությամբ, պետք է մարմնավաճառությամբ զբաղվեին: Յուրաքանչյուր ուղարկված կնոջ համար ինքը գումար է ստացել Նելլիից՝ 300-500 դոլար:
Ըստ այս գործով ձեռք բերված բանկային փաստաթղթի՝ 2009 թվականի հոկտեմբերից մինչև 2010 թվականի մարտ ամիսը արտերկրից, այդ թվում՝ Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքից Աղունիկը բանկային փոխանցմամբ ստացել է 1300 դոլար և 3 հազար ռուբլի:
Այս գործով տուժողը՝ Ալվինան, ակնհայտորեն հիվանդ էր՝ այտուցված- աղճատված էր նրա դեմքը, հատկապես՝ շրթունքների շրջանը, ու կինը թաշկինակով հաճախ փակում էր բերանը: Հիվանդագին էր նրա հայացքը՝ կասկածոտ ու վախվորած՝ միաժամանակ: Ինչ-որ չափով տարօրինակ էր նրա հագուկապը: Ալվինայի ճակատագիրն էլ աղճատված է նույնքան, որքան որ դեմքն ու վարքագիծն են ակնհայտ աղճատված հիվանդությունից…
Ալվինան որբ է եղել՝ մայրը մահացել է, հայրը հայտնի չէ, թե որտեղ է: Աղջիկը մեծացել է տատիկի մոտ: Երբ տատիկը մահացել է, բարեկամները ինչ-որ չափով հոգ են տարել Ալվինային, նա մանկատուն չի ընկել: Սակայն և՛ բարեկամները, և՛ սոցիալական ծառայություններն ու պատկան մարմինները ինչ-որ պահից աչքաթող են արել ծնողազուրկ աղջկան: Ու նրան անմիջապես իր ոստայնն է գցել զոհ փնտրող Աղունիկը: Անընտանիք Ալվինան շատ հարմար զոհ էր…
Աղունիկ Այվազյանն Ալվինայի հետ ծանոթացել է Երևանում: Համոզել է, որ նա մեկնի Դուբայ, զբաղվի մարմնավաճառությամբ՝ հավատացնելով, թե շատ մեծ գումարներ կաշխատի, կվերադառնա ու կկարողանա ինքնուրույն ապրել:
Աղունիկը կարողացել է գայթակղել Ալվինային: Եվ արդեն կազմակերպված խմբում իր դերի համաձայն՝ Ալվինայի անձնագրային տվյալներն ուղարկել է Դուբայ՝ խմբի ղեկավար Նելլիին: Վերջինս շուտով Ալվինային է ուղարկել վիզա, իսկ Աղունիկին՝ հասանելիք պարգևավճարը:
2010 թվականի փետրվարի 4-ին Աղունիկը Ալվինային տարել է Թբիլիսի, այնտեղից նստեցրել է Դուբայ թռչող ինքնաթիռն ու ճանապարհել է Դուբայ: Ալվինային Դուբայ ուղարկելու համար Աղունիկը Նելլից ստացել է 200 դոլար:
Դուբայում Ալվինային դիմավորել է Նելլին: Նախապատրաստել է նրան որպես մարմնավաճառի ու նետել է աշխատանքային թոհուբոհի մեջ:
Հինգ տարի շարունակ՝ մինչև 2015 թվականի գարուն, Ալվինան Դուբայում զբաղվել է մարմնավաճառությամբ: Ինչպես ինքն ասաց դատական նիստի ժամանակ՝ զբաղվել է «անդադար, առանց դադարի»: Թե օրական ինչքան է աշխատել՝ ասաց՝ չգիտի, ամբողջ աշխատած գումարը տվել է Նելլիին: Ստացել է ինչ-որ գումար՝ մանր ծախսերի համար: Անընտանիք Ալվինան Հայաստանում ոչ ոք չուներ, Հայաստան գումարներ չէր ուղարկում: Նելլին հավաստիացրել է, որ նրա գումարները հավաքվում են իր մոտ:
Բայց «անդադար» մարմնավաճառական ծանր առօրյան քայքայել է Ալվինայի առողջությունը: Հնարավոր է՝ ազդել է նաև նրա հոգեկան առողջության վրա: Թե կոնկրետ ինչով է հիվանդ տուժող կինը՝ հայտնի չէ, գործում բժշկական փաստաթղթեր չկան, ինքն էլ ասաց, թե իր հիվանդության անունն իրեն չեն ասում: Բայց կա տուժողի ակնհայտ հիվանդ արտաքինը, վարքագիծը: Եվ այդ աղճատող, քայքայիչ հիվանդությունը նա ձեռք է բերել՝ Դուբայում «անդադրում» աշխատելով ու թրաֆիքինգի կազմակերպիչներին հարստացնելով:
Ալվինայի հիվանդությունը սկսել է այնպես զարգանալ, որ Նելլին նրան հեռացրել է Դուբայից, ուղարկել է Ռուսաստան՝ Դոնի Ռոստով: Ապա համացանցային հայտարարությամբ Ալվինայի համար բնակարան է վարձակալել Վանաձորում: Բնակարանատիրոջ հետ հեռախոսազրույց ունենալով՝ Նելլին կամ նրա հավատարմատարը ներկայացել է որպես Ալվինայի մայր, նախապես բնակարանատիրոջն է ուղարկել 600 դոլար՝ վեց ամսվա վարձը: Խնդրել է Ալվինային դիմավորել Երևանում՝ օդանավակայանում, տաքսիով տանել Վանաձոր ու տեղավորել վարձած բնակարանում: Ասել է՝ իմ աղջիկն է, Երևանում ու Վանաձորում ոչ մի բանի տեղ չգիտի:
Բնակարանի տիրուհին՝ այս գործով վկա Կիման, ուղարկված գումարով տաքսի է վարձել, 2015 թվականի հոկտեմբերին օդանավակայանում դիմավորել է Ալվինային: Ըստ Կիմայի՝ Ալվինան շատ նիհար, շատ տանջված տեսք ուներ: Նելլիի մասին նա ասել է՝ մամաս: Կիման հետո է իմացել, որ Նելլին ոչ թե պարզապես՝ մամա, այլ «Մամա Ռոզա» է եղել Ալվինայի համար: Մյուս կողմից՝ Ալվինան մինչև հիմա ապրում է այդ վարձակալված բնակարանում: Բնակարանի վարձն ու Ալվինայի ապրուստի միջոցներն ուղարկվում են Դուբայից: Ամսական, ըստ Ալվինայի պահանջի, ուղարկում են 300-400 դոլար: Ըստ այս կազմակերպված խմբի վերաբերյալ քննված գործերի՝ Դուբայում հայ մարմնավաճառուհիներն այն ժամանակ օրական աշխատել են նվազագույնը՝ 600 դոլար…
Ըստ այս քրեական գործում առկա բանկային փաստաթղթի՝ Ալվինայի համար՝ որպես բնակվարձ և ապրուստի միջոց, ուղարկվել է 1950 դոլար և150 եվրո…
Մեղադրող Արիս Բարսեղյանի հարցերին պատասխանելով՝ Ալվինան դատարանում ասաց, թե իրեն ուղարկում են ի՛ր աշխատած փողից, իր ամբողջ փողը Նելլիի «ձեռքի տակ է»: Իսկ Դուբայից իրեն հեռացրել են, քանի որ հոգնել էր ու մի քիչ էլ հիվանդ էր… Հիմա, ըստ տուժողի, ինքը դեղորայքային օգնություն է ստանում «Կարմիր խաչից»՝ «Քսուքներ են տալիս, դեղեր… ես ինվալիդ եմ… ոչ, հաշմանդամության կարգ չունեմ…»:
Ալվինան ասաց, որ ինքը բողոք չունի: Երբ հիվանդացել ու վերադարձել է Հայաստան, իր կործանման պատճառը դարձած Աղունիկի մասին չի էլ հիշել…
Ալվինայի վարձակալած բնակարանի տիրուհին ասաց, որ Ալվինան շատ փակբերան է, չի սիրում խոսել Դուբայում անցկացրած տարիների մասին: Հարևանները վկայում են, որ նա շատ սուսուփուս է ապրում, այնպես, ասես տանը մարդ չի էլ ապրում…
Դատարանը հաստատված գնահատեց Աղունիկ Այվազյանի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 3-րդ մասով: Նա դատապարտվեց 6 տարի ազատազրկման: Այս պատժին գումարվեց նախորդ դատավճռով նշանակված պատժի՝ 12 տարի ազատազրկման չկրած մասից՝ 6 տարի 6 ամիս ազատազրկումը, և վերջնական պատիժ սահմանվեց 12 տարի 6 ամիս ազատազրկումը:
Պատժի սկիզբը՝ 2010 թվականի հուլիսի 11-ից: