Բունկերային դավադրության համար մեկը պատասխան կտա՞
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՊատերազմական օրերի մասին այսօր հետաքրքիր դրվագներ է ներկայացրել Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Նա նախ նշել է, որ այն, ինչ ասում է Սերժ Սարգսյանը, գոնե 90 տոկոսով, հենց այդպես էլ եղել է, ինչպես գիտի ինքը՝ Մարուքյանը: Մարուքյանն ասում է.
«Ես հոկտեմբերի 2-ին հասել եմ Արցախ և այնտեղ իմացել եմ, որ թույլ չեն տվել նախկին փորձառու գեներալներին մասնակցել պատերազմի հետ կապված խնդիրներին: Ինձ ասվել է, որ աբսուրդ է, ինչի՞ են նման բան անում, զանգել են և ասել են, թող դուրս գան սենյակից, չեմ կարող ասել, թե դա որ սենյակն է՝ բունկերն է, թե ո՞ր տեղից և բոլորը շատ հիասթափված, նեղացած Արցախի Ստեփանակերտ մայրաքաղաքի հրապարակում կանգնած էին, ես դա տեսել եմ, իմացել եմ: Այսինքն՝ իշխանությունը դրա համար պետք է պատասխան տա, Արցախի իշխանությունը պետք է պատասխան տա նրա համար, որ իրեն ուզել են օգնել, նախկին նախագահները հանդիպում են խնդրել, և նա փաստորեն մերժել է այդ հանդիպումը, և մեկը չի տվել պատասխան, թե ինչո՞ւ է մերժել, և այսպիսի բազմաթիվ հարցեր կան»:
Ի դեպ, Մարուքյանն առաջին մարդը չէ, որ խոսում է սրա մասին: Բոլորս շատ լավ հիշում ենք, թե ինչեր էր պատմում գեներալ Մովսես Հակոբյանը, թե ովքեր էին հրամանատարական բունկերում, մարդիկ որ նախ իրավունք չունեին լինել այդտեղ և մարդիկ, որ առհասարակ գաղափար անգամ չունեին պատերազմից, նույնիսկ բանակում չէին ծառայել: Չենք քննարկում այն, որ բունկերում եղել է նաև Նիկոլի կինը՝ Աննա Հակոբյանը: Էդմոն Մարուքյանն այնուհետև նշում է, որ հոկտեմբերի 2-ին բոլորն ասում էին, որ այս պատերազմը պետք է արագ կանգնեցնել: Այդ պատերազմը հաղթելու հետ կապված այնտեղ որևէ խոսակցություն չկար: Բոլորն այնտեղ այս տրամադրության տակ էին, որ պատերազմը պարտվելու ենք և պարտվում ենք, բայց մինչ դա Շուշիի վրա ոչ մի ռմբակոծություն չէր եղել: Էդմոն Մարուքյանի խոսքով՝ իրենց հորդորել են հետ գալ Հայաստան, քաղաքական դիվանագիտական միջոցներ ձեռնարկել, որ պատերազմը կանգնեցվի: Հիմա՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի կանգնեցրել պատերազմը մանավանդ որ հոկտեմբերի 11-ի ԱԱԽ նիստում նրան ասել են, որ պետք է զանգել ՌԴ նախագահին և պետք է անպայման պատերազմը կանգնեցնել: ԱԱԽ նիստում Նիկոլ Փաշինյանենք ասել են, որ եթե զանգենք ՌԴ նախագահին պատերազմը կանգնեցնելու այդ առաջարկով, նա ասելու է, որ այն, ինչը Ալիևն ուզում է պատերազմով վերցնել, պետք է դուք խաղաղ տաք, այսինքն՝ Լավրովի 5+2 պլանով: Վարչապետին հարցրել են՝ եթե սա չէ ձեր պլանը, ապա ո՞րն է, նա պատասխանել է՝ սա Սարդարապատ է, պետք է բոլորս գնանք, կռվենք:
Նախ հիմա որևէ մեկն այլևս չի հավատում Նիկոլ Փաշինյանի խոսքին ու չենք կարող հավատալ նաև այն պնդմանը, որ եթե Նիկոլը խնդրեր Պուտինին, ապա պատասխանը հենց այդպես կլիներ: Մանավանդ որ մենք լսել ենք նաև Պուտինի մեկնաբանությունն այս հարցի մասով: Լավ, մի պահ պատկերացնենք Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասում: Այդ դեպքում էլ ուրիշ խնդիր կա՝ լավ, գնանք կռվենք, մեր հայրենիքի համար, մեր երեխաների ու մեր ապագայի համար: Բայց մինչև վերջ կռվել ցանկացող վարչապետին ուզում եմ հարցնել՝ ինչու զինվորագրվել ցանկացող հազարավոր մեր տղաներին ասել են՝ գնացեք, կկանչենք ու մինչև հիմա չեն կանչում, ինչո՞ւ բանակի համալրումներ չի իրականացվել, ինչո՞ւ Հայաստանի տարածքի կանոնավոր բանակի ստորաբաժանումները չեն ներգրավվել պատերազմական գործողություններին, ինչո՞ւ Հայկական բանակի տիրապետության տակ եղած սպառազինությունները չեն կրակել: Ինչուները շատ են: Բոլոր փաստերը ստիպում են, որ մենք գանք այն եզրակացության, որ այս պատերազմը եղել է կազմակերպված դավադրություն, Հայասատանն ու Արցախը կանխամտածված պարտության տանելու և կապիտուլացնելու ելքով:
Անի Առաքելյան