Ամուլսարի հանքը շահագործելու հավանականությունը մեծ է. վարչապետ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱմուլսարի հանքը շահագործելու հավանականությունը մեծ է: Այս մասին Նվեր Մնացականյանին տված հարցազրույցում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Լրագրողը հետաքրքրվել է՝ հետպատերազմյա իրադրությունը փոխե՞լ է վերաբերմունքն Ամուլսարի նկատմամբ, վարչապետը նշել է, որ իր վերաբերմունքը չի փոխել, որովհետև ինքն այն կարծիքին է, ինչ կարծիքի եղել է մի տարի առաջ:
«Ի դեպ, ուզում եմ հիշեցնել, որ Ամուլսարի հետ կապված շատ կարևոր էի համարում անվտանգային կոմպոնենտը, ասելով, որ տեսեք՝ պատերազմական իրավիճակի մեջ ենք և երբ պատերազմ սկսվի, տուրիստների հոսքը չի շարունակվելու մեր երկիր: Այդ ժամանակ մենք արժութային խնդիրների առաջ կարող ենք կանգնել: Եվ այդ իրավիճակում կոնկրետ հանքարդյունաբերությունն է, որ երկրի համար երաշխավորում է վալյուտային հոսքեր: Ժամանակը դա ցույց տվեց: Բայց մյուս կողմից կարող եմ արձանագրել, որ մենք նաև կարողացանք պատշաճ կառավարել ֆինանսական շուկան և արդյունքում հունվարին եվրոպարտատոմսերի թողարկում ունեցանք, որն ամենահաջողված թողարկումն էր Հայաստանի Հանրապետության պատմության մեջ»,- ասել է վարչապետը:
Հարցին՝ այսինքն՝ ավելի մեծ է հավանականությունը, որ, այնուամենայնիվ, հանքը կբացվի, վարչապետը պատասխանել է. «Այդպիսի հավանականություն կա և այո, կարող ենք ասել, որ մեծ է»: