Նիկոլ Փաշինյանը կա՛մ չի հաշվարկել՝ ինչ է ասում, կա՛մ հակառուսական հայտարարություն է անում, երկու դեպքում էլ պատասխանը լինելու է շատ ցավոտ․ Լիլիթ Թումանյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՓաշինյանի հարցազրույցից հետո ես իսկապես վախենում եմ Ռուսաստանի Դաշնության հետագա գործողություններից և քայլերից: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասել է «Ադեկվադ» միաբանության վարչության անդամ Լիլիթ Թումանյանը:
«Երեկվա հարցազրույցից հետո մենք ունենք երկու տարբերակ՝ կա՛մ Նիկոլ Փաշինյանը երեկ ասաց չկանխամտածված հերթական հիմարությունը, կա՛մ այդ հայտարարությունն արվել է մտածված՝ հենց փետրվարի 23-ին թիրախավորելով Ռուսաստանին, և կա հակառուսական գծի զարգացում: Առավոտվանից բոլոր ռուսական ԶԼՄ-ների գլխագրերում երեկվա Փաշինյանի հայտարարությունն է: Ես մտահոգված եմ Ռուսաստանիր հետագա քայլերով»,- ասաց նա։
Լիլիթ Թումանյանն ասուլիսի ընթացքում անդրադարձ կատարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, ըստ որի՝ եթե մարդիկ շենքեր են գրավում, պետք է պատրաստ լինեն, որ նրանց վրա կկրակեն: Լիլիթ Թումանյանի կարծիքով՝ այս հայտարարությունից հետո նրանք այլևս չեն կարող մեղադրել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
«Նա իր այդ հայտարարությամբ լեգիտիմացրեց «Մարտի 1»-ին տեղի ունեցած գործողությունները իշխանության կողմից, այն ամենը, ինչի համար մեղադրում են Ռոբերտ Քոչարյանին, իր այդ հայտարարությամբ ստացվում է՝ լավ են արել: 5000 մարդ զոհվեց հանուն մեզ, եթե կրակելու են և եթե պետք է էլի զոհեր ունենանք, դա պետք է լինի հանուն հայրենիքի»,- ասաց նա:
Լիլիթ Թումանյանը նշեց՝ երբ մարդիկ դուրս գան շոկից, հանրահավաքին մասնակցողների թիվը կավելանա, իսկ ինչ վերաբերում է ընթացիկ դադարներին և ներկայիս գործողություններին, ապա, ըստ նրա, դրանք տակտիկական դադարներ են:
«Շարժումը չի մարել, դա ժամանակավոր տակտիկական դադար էր, որպեսզի ուժերը վերադասավորվեն և ես նկատում եմ զգալի փոփոխություններ: Մարդիկ պետք է շոկից դուրս գան, նրանք դեռ պետք է հասկանան՝ ինչ է տեղի ունեցել, պետք է մարսեն այդ ամենը, հասկանան՝ ինչ են հիմա իրենք ուզում և ուր են մեզ տանում, ժամանակի ընթացքում մարդիկ միանում են շարժմանը»,- ասաց բանախոսը:
Լիլիթ Թումանյանը նաև անդրադարձավ այն շարժման մասնակիցների այսօրվա գործողություններին, երբ ակցիայի շրջանակներում շրջել էին համալսարաններով և կոչ արել ուսանողներին ու դասախոսներին միանալ շարժմանը:
«Շատ ճիշտ է, որ մտնում են համալսարաններ, ես շատ ուրախ եմ, որ տեսնում եմ նոր դեմքերի, նոր ձևավորվող քաղաքական գործիչների: Ցանկացած քաղաքական գործիչ պետք է թրծված լինի և՛ փողոցում, և՛ հանրահավաքներում, բայց ոչ միայն, այդ ակտիվ քաղաքական գործունեությունը պետք է համադրվի ինտելեկտուալ պաշարին և զոհողությունների գնալու պատրաստակամությանը, ինչը կա երիտասարդների մեջ»,- ասաց Լիլիթ Թումանյանը:
Բանախոսը նաև անդրադարձավ ֆեյսբուքյան ֆեյք օգտատիրոջ գործով վերջին շրջանի ձերբակալություններին և կալանավորումներին՝ նշելով, որ դա Ալիևին հաճոյանալու տարբերակ է, և գուցե նաև հանրահայտ ֆեյքին «աճեցնելու» տարբերակ:
«Արա Սաղաթելյանին, Էլիբեգովային Ալիևը անձնապես ճանաչում է, այսօր Սաղաթելյանը պատերազմից հետո առաջին քաղբանտարկյալն է, այս մարդիկ Ալիևի թշնամիներն են, Անժելայի գլխի համար գլխագին կար նշանակված, և ես չեմ բացառում, որ դա հաճոյանալու քայլերից մեկն է, իսկ հանրահայտ ֆեյքի հետ կապված ինչո՞ւ կա այդքան մեծ կենտրոնացում, ինչո՞ւ են աճեցնում այդ ֆեյքը»,- ասաց Լիլիթ Թումանյանը: