Տիգրան Ավինյանը մինչև ընտրությունները կստանձնի վարչապետի պաշտոնը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԵրեկ Ազգային Ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ մի հետաքրքիր իրադարձություն էր տեղի ունենում: Որևէ մեկի աչքից չվրիպեց այն, որ Նիկոլ Փաշինյանը իրեն ուղղված հարցերին չէր պատասխանում: Փաստենք, որ նման բան նախկինում տեղի չի ունեցել որևէ վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում: Նիկոլ Փաշինյանի դեպքում դա արտառոց էր նաև այն իմաստով, որ վարչապետը երբեք առիթը բաց չի թողել ամբիոնին մոտենալու և իր ասելիքն ասելու համար: Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցերին պատասխանում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Գնահատելով իրավիճակը՝ լրատվականները լուր հաղորդեցին, թե իբր վարչապետը մինչ նիստը սկսվելը ալկոհոլ է ընդունել և ի վիճակի չէր ամբիոնին մոտենալու, բայց դա ապատեղեկատվություն էր, քանի որ ամենավերջում Նիկոլ Փաշինյանը մոտեցավ ամբիոնին պատասխանելու պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին: Թե ինչու նա պատասխանեց միայն Բաբաջանյանի հարցին քննարկման այլ թեմա է, բայց փաստենք, որ Փաշինյանն ամենևին էլ հարբած չէր: Նա սթափ էր: Ի դեպ, Բաբաջանյանի հարցը վերաբերում էր արտահերթ ընտրություններ անցկացնելուն: Ու վարչապետը միտումնավոր պատասխանում է հենց այդ հարցին:
Հիմա. արդեն պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը գնում է արտահերթ ընտրություններ անցկացնելու ճանապարհով: Երկրորդ տեսակետ չկա՝ մի քանի դեկորատիվ քննարկումներ և կոնսուլտացիաներ անցկացնելուց հետո, նա կհայտարարի դրա մասին: Հետևաբար մեր դիտարկմամբ` երեկվա ողջ իրադարձությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ Նիկոլ Փաշինյանը մինչև ընտրությունները կառավարության ղեկը փոխանցելու է Տիգրան Ավինյանին: Այսինքն երեկվա տեղի ունեցածը պարզ մեսիջ էր: Ընտրություններից հետո, բնականաբար, իշխանությունների վերադասավորումը կլինի արդեն` ըստ ընտրությունների արդյունքների: Եթե իշխանությունները հաղթեն, ապա վարչապետի պաշտոնը նորից կստանձնի Նիկոլ Փաշինյանը: Իհարկե, առաջիկա զարգացումները լրացուցիչ լույս կսփռեն գործընթացի վրա, սակայն վերը նշված արձանագրումը խաղարկվող սցենարի մի մասն է:
Կարեն Դանիելյան