«Ժողովուրդ». Հայաստանը Թուրքիայից մեծ քանակությամբ լոլիկ ու վարունգ է ներկրել
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հայաստանը Թուրքիայից բավականին մեծ քանակությամբ լոլիկ, վարունգ է ներկրել: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացավ, որ նախորդ տարվա ընթացքում Թուրքիայից Հայաստան է մտել 1 մլն 732 հազար 400 տոննա լոլիկ, իսկ 2019 թվականին Հայաստանը ներմուծել էր 2 մլն 893 հազար 100 տոննա:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ որոշ քանակությամբ լոլիկ ներմուծվել է նաև Իրանից՝ 241 տոննայի չափով: Բացի այս, Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ նախորդ տարվա ընթացքում ներկրվել է նաև վարունգ՝ 1 մլն 913 հազար տոննայի չափով: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Հայաստան ծիրան է ներմուծվել ոչ միայն Իրանից, Վրաստանից, այլև Թուրքիայից:
Օրինակ՝ ՀՀ թուրքական ծիրան նախորդ տարվա ընթացքում ներմուծվել է 2045 տոննա: Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ Իրանից ներմուծվել է 2726 տոննա, Վրաստանից՝ 7528 տոննա ծիրան: Նշենք, որ թուրքական և իրանական ծագմամբ լոլիկի ու վարունգի ներկրումը մեծ հարված է տեղական արտադրությանը: Քանի որ ներկրված լոլիկն ու վարունգը շուկայում և սուպերմարկետներում բավականին էժան գնով են վաճառվում, հայ արտադրողները տուժում են:
Բանն այն է, որ գյուղացիները վարկեր են վերցնում, լուրջ ծախսեր են կատարում, ձմռան ամիսներին ջեռուցում են ջերմատները, որ լոլիկ և այլ մշակաբույսեր աճեցնեն, մի քանի ընկերություններ, դրսից ներկրելով անհայտ բաղադրության լոլիկ ու վարունգ, տեղի արտադրողին դուրս են մղում շուկայից, աղքատացնում, իսկ իրենք լուրջ շահույթ են գեներացնում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: