Նոր փոթորկում է սպասվում. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանում գործունեություն ծավալող շատ դատավորների մոտ դժգոհությունների ալիք է բարձրացել, ինչը պայմանավորված է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի փաստացի անգործությամբ։
Խնդիրն այն է, որ իշխանությունը թիրախավորել է դատավորներին իրենց ցանկալի դատավճիռները չկայացնելու համար, իսկ ԲԴԽ-ն որեւէ ձեւով չի արձագանքում այն դեպքում, երբ այդ կառույցի գործառույթներից մեկն է դատավորներին ցանկացած միջամտությունից, այդ թվում՝ հանրային ճնշումից զերծ պահելը:
Նշված պահանջն այս պահին չի իրագործվում, քանի որ ԲԴԽ գիտնական-անդամները չեն ընդդիմանում իրենց ընտրած իշխանությանը, համարում են, որ նորմալ է, երբ քաղաքական իշխանությունը հրահանգներ է տալիս դատավորներին ամենատարբեր ձեւերով: Ու ստացվում է, որ դատավորները մնացել են միայնակ իրենց անկախության ճանապարհին:
Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ մարտի 26-ին տեղի կունենա Դատավորների ընդհանուր ժողովը, որտեղ դատավորները կբարձրաձայնեն ԲԴԽ գիտնական-անդամների՝ քաղաքական իշխանությանը ծառայելու մասին՝ նշելով, որ թույլ չեն տա իրենց նկատմամբ որեւէ ճնշում բանեցվի որեւէ կողմից:
Այսպիսով, դատական համակարգում նոր փոթորկումն անխուսափելի է:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։