Հայտնի է՝ ինչպես և երբ «Գազպրոմը» կսկսի գազ մատակարարել Հայաստանին Ադրբեջանի տարածքով
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՌուսական գազը երեկվանից Հայաստան է հասնում Ադրբեջանի տարածքով։ Այդ երթուղին կգործի մարտի 18-ից մինչեւ ապրիլի 15-ը եւ կապված է «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքների իրականացման հետ։ Տեղեկությունը Սպուտնիկ Արմենիային հայտնել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ մամուլի ծառայությունից՝ պատասխանելով պաշտոնական հարցմանը։
Ընկերությունից ընդգծում են, որ ռուսական գազի մատակարարումն իրականացվում է «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի եւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջեւ կնքված պայմանագրի շրջանակում:
«Պայմանագրի պայմանների համաձայն՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն բնական գազ է ընդունում Վրաստանի տարածքում գտնվող «Կարմիր կամուրջ» գազաչափիչ կայանում։ Այդ հատվածում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել։ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի իրավասության մեջ չի մտնում բնական գազի փոխադրման երթուղու պլանավորումը մինչեւ «Կարմիր կամուրջ» գազաչափիչ կայան»,-ասված է պատասխանում:
Ընկերությունից նշում են, որ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ից ստացված տեղեկությունների համաձայն՝ Վրաստանի տարածքով ռուսական գազի փոխադրման երթուղու փոփոխությունը կապված է վթարավերականգնողական աշխատանքների իրականացման եւ Հայաստան բնական գազի մատակարարման պայմանագրային պարտավորությունների կատարման հետ:
Ինչ վերաբերում է Հայաստանում բնական գազի պաշարներին, ապա, ըստ հաղորդագրության, դրանք ռազմավարական բնույթ ունեն, օգտագործվում են գազի ստացման եւ իրացման օրական ու սեզոնային անհավասարությունները կարգավորելու համար, ինչպես նաեւ վթարների եւ արտակարգ այլ դեպքերի դեպքում եւ հաշվարկված չեն նման ծավալներով մատակարարումները ծածկելու համար:
Հիշեցնենք` «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն մարտի 17-ին հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ ռուսական գազը ժամանակավորապես Հայաստան կհասնի Ադրբեջանի տարածքով: Ըստ այդ հաղորդագրության` «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարի ռուսական հատվածում պլանային կանխարգելիչ աշխատանքների ավարտից հետո գազը կմատակարարվի նախկին երթուղով։ Այդ տեղեկության հրապարակման պահին «Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը» (GGTC) տեղեկություն չի ունեցել: Տեղեկությունը լուրջ հասարակական-քաղաքական արձագանք է ստացել: