Հայաստանը Հյուսիսային Կորեա երբեք չի եղել և չի դառնա
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱռաջին անգամ, երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց քաղաքականություն վերադառնալ և սպասվող ընտրություններում հաղթելու նպատակադրման մասին, հաջորդ օրն իսկ Նիկոլ Փաշինյանն իր խմբակցությանը հավաքեց ժողովի, որի արդյունքում հայտարարեցին, որ ընտրություններ անցկացնելու հանրային պահանջ չկա: Այդ հայտարարությունը քաղաքական և հանրային սեկտրում ընկալվեց որպես իշխանությունների վախի դրսևորում: Իհարկե, դա այդպես էլ կա իրականում, հակառակ դեպքում տրամաբանությունը ո՞րն է հայտարարել ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին, ու մի քանի օր հետո հետ կանգնել այդ նպատակից:
Ծավալված հանրային դիսկուրսի արդյունքում՝ Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ ընտրություններից հրաժարումը մարդիկ ընկալում են որպես վախկոտության, կամ անվստահություն Ռոբերտ Քոչարյանին հաղթելու գործում: Ըստ էության, երկու պատճառն էլ առկա է: Բայց, ինչպես Նիկոլը ինքն իրեն բնութագրում է «ես փախնող տղա չեմ» ձևակերպումով, այդուհանդերձ իր մեջ ուժ գտավ նորից հայտարարելու ընտրություններ անցկացնելու մտադրության մասին: Սակայն նա որոշել է ամեն գնով կասեցնել Ռոբերտ Քոչարյանի՝ ընտրություններին մասնակցելու մտադրությունը իրավական գործընթացներով: Քաղաքական գործիքակազմով չի կարողանում:
Սահմանադրական դատարանի որոշումից հետո, ողջ իրավական համակարգը հիմա էլ լծվել է Քոչարյանին այլ մեղադրանք առաջադրելու գործին: Մանրամասն հարկ չկա քննարկելու, քանի որ այն, ինչ տեղի է ունենում բոլորի աչքի առաջ է, հասկանալի է: Հայաստանում արդեն Սահմանադրություն, օրենքներ, ՍԴ որոշումներ և նման իրավական գործիքներ այլևս կիրառելի չեն, որևէ մեկին դրանք չեն հետաքրքրում, ավելի դիպուկ ասած՝ իշխանությունը պոլի շոր է դարձրել իրավունքը, Սահմանադրությունն ու օրենքները:
Մյուս կողմից տարատեսակ սոցիոլոգիական հարցումներ են անցկացվում և հրապարակվում, թե բա գիտե՞ք Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 30 տոկոս և ավելի է, իսկ դիցուք Քոչարյանինը 5 տոկոս: Նպատակը մեկն է՝ ցույց տալ հանրությանը, թե Քոչարյանը չի վայելում հանրային աջակցություն, իսկ այ Նիկոլը տեսեք ինչ վարկանիշ ունի: Սա ավելին քան ծաղր է մարդկանց հանդեպ, քանի որ չի կարող մարդը ունենալ նման վարկանիշ, որը ուղղակի աղետ է բերել ազգի ու պետության գլխին: Այդուհանդերձ, ընտրություններից առաջ երկրում սկիզբ է առնում քաղաքական տեռորի մի նոր փուլ, որի մասն է կազմում իրավական բեսպրեդելը: Ընդ որում, տեռորը ոչ միայն Քոչարյանի նկատմամբ է, այլև մյուս ընդդիմադիր ուժերի և գործիչների, որոնցից Նիկոլը վախ ու վտանգ է զգում: Ամեն դեպքում Հայաստանը Հյուսիսային Կորեա երբեք չի եղել և չի դառնա, որքան էլ իշխանությունները փորձեն բռնատիրական կարգեր հաստատեն՝ իրենց վերարտադրությունը ապահովելու համար:
Կարեն Դանիելյան