Վտանգավոր անակնկալ. Առավոտ
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանը, համաձայն որի` Ռուսաստանի եւ այլ պետությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին տեղեկությունը պետական գաղտնիք կհամարվի, կարող է տհաճ անակնկալներ մատուցել Հայաստանին:
ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը թերթի հետ զրույցում նշեց, որ պետությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցությունը կարող է զենքի մատակարարումներից զատ` նաեւ մի շարք այլ ուղղություններով զարգանալ: Նա զգուշացրեց. «Մենք հատկապես ուշադիր պետք է գտնվենք ռուս-ադրբեջանական այդօրինակ համագործակցության այն սեգմենտի նկատմամբ, որը նախատեսում է Ադրբեջանում զենքի եւ ռազմական նշանակություն ունեցող այլ ապրանքատեսակների համատեղ արտադրությունների հիմնումն ու զարգացումը, բանի որ այստեղ մեզ շատ տհաճ անակնկալներ կարող են մատուցվել»:
Մտահոգություններ կան, որ այս որոշումից հետո հնարավոր է Ռուսաստանն ավելի մեծ ծավալների զենք վաճառի Աղրբեջանին, քանի որ այլեւս ծավալների մասին թվային տվյալները հասանելի չեն լինի հանրությանը` ռազմական գաղտնիք համարվելով: Այս առիթով պարոն Մելիքյանը նշեց.
«Ինչ վերաբերում է Մոսկվայի կողմից ալիեւյան ռեժիմին վաճառվող զենքի ծավալների հնարավոր ավելացմանն ու անվանացանկի ընդլայնմանը, ապա, անշուշտ, դրա վտանգը եւս կա, սակայն իմ կարծիքով` նման մատակարարումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալը մեծ դժվարությունների հետ կապված չի լինի անգամ ՌԴ կողմից այս ոլորտում կատարվող գործարքները պետական գաղտնիքների շարքը դասելու պարագայում»:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: