«Ինտերվենցիաներով դու չես կարող պայքարել այն հիմնարար գործոնների դեմ, որոնք բերում են ազգային արժույթի արժեզրկման»․ Թադևոս Ավետիսյան
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԿենտրոնական բանկն օրերս հրապարակել էր «Գնաճի հաշվետվություն. Դրամավարկային քաղաքականության ծրագիր I եռամսյակ 2021թ., Դրամավարկային քաղաքականության 2020թ. IV եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվությունը», որտեղ նշվում է, թե ամբողջ աշխարհում կորոնավիրուսի համավարակի շարունակվող տարածման, ՀՀ-ում դեռևս նախորդ տարեվերջից հայտարարված ռազմական դրության ու դրանց հետևանքով տնտեսական հեռանկարի հարցում կուտակված մեծ անորոշության պայմաններում Հայաստանում շարունակում է պահպանվել ցածր տնտեսական ակտիվություն ու գնաճային սպասումների զգալի ավելացում։ ԿԲ բազային սցենարի համաձայն, առաջիկա եռամսյակներում 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում։
«Դա պայմանավորված կլինի հիմնականում առաջարկի կարճաժամկետ գործոններով, որոնց ազդեցությունն աստիճանաբար կչեզոքանա՝ արտահայտվելով միջնաժամկետ գնաճի՝ դեպի ներքև ճշգրտմամբ»,- ասված է Կենտրոնական բանկի հաշվետվությունում։
Միջնաժամկետում, ըստ ԿԲ-ի, հարկաբյուջետային քաղաքականության աստիճանական զսպման ֆոնին տնտեսական աճի վերականգնմանը մեծապես կնպաստի իրականացվող խթանող դրամավարկային քաղաքականությունը, ինչպես նաև պահանջարկի բացասական գործոնների աստիճանական չեզոքացումը։
168.am-ը տնտեսագետ Թադևոս Ավետիսյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս և ինչքա՞ն կկարողանա դիմակայել առկա իրավիճակին, և արդյո՞ք այդ հաշվետվությունն իսկապես արտացոլում է տնտեսության առկա միտումները։
Տնտեսագետը նախ նկատեց, որ Կենտրոնական բանկը թիրախավորել է տարեկան 4 տոկոս գնաճը, իսկ 2020 թվականին մենք ունեցել ենք թիրախավորածից բարձր 4․5 տոկոս սպառողական գների աճ, իսկ գնաճի միտումները շարունակվում են․
«2021 թվականի` ընդամենը հունվար-փետրվար ամիսների աճն արդեն ավելացել է, և փետրվարին 5.3 գնաճ` սպառողական գների բարձացում ունենք։ Ակնհայտ է՝ մարտ ամսին ևս այդ տեմպը շարունակվում է։
Երկրորդը՝ հենց Կենտրոնական բանկն առաջիկայում գնաճի ճնշումներ կանխատեսել է․ այստեղ հստակ չկա նշված, թե ինչ չափով, բայց ակնհայտ է, որ գնաճը շարունակվում է, որովհետև իրական գործոնները, որի մասին նշել է նաև Կենտրոնական բանկը՝ համաշխարհային շուկաներում գների որոշակի բարձրացում, տրանսպորտային ծախսերի ավելացում և ազգային արժույթի արժեզրկում, պահպանվում են»։
Թադևոս Ավետիսյանի համոզմամբ՝ ազգային արժույթի արժեզրկումը կշարունակվի, քանի որ ԿԲ-ն մարտի 16-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց նույնը․ «այսինքն՝ այս մի գործիքը չկիրառեց, որը կբերեր որոշակիորեն ազգային արժույթի արժևորման կամ արժեզրկման կանխման»։
«Ինչո՞ւ ԿԲ-ն չի բարձրացնում վերաֆինանսավորման տոկոսադրույքը» հարցին նա պատասխանեց․ «Դրանով էլ ավելի կճնշի տնտեսությունը, տնտեսության պահանջարկը և, ասենք, օրինակ, երկնիշին մոտ տնտեսական անկումը, որին արդեն մոտենում ենք, ավելի կխորանա՝ իր բոլոր հետևանքներով, և այս փուլում ձեռնպահ է մնացել, թերևս, դրա համար, բայց սաստկանում են գործոնները։
Մի կողմից՝ գներն են աճում, որը զսպելու համար եթե Կենտրոնական բանկը գործիք է կիրառում, վնասում է տնտեսությանը, տնտեսական պահանջարկին, չի էլ կիրառում՝ այդ գների աճը կարող է բերել հիպերինֆլյացիայի և լրիվ փլուզել ապրանքային շուկաները, մարդկանց կյանքի որակի վրա ուղիղ ազդեցություն ունենալ»։
Անդրադառնալով ԿԲ մյուս գործիքին՝ ինտերվենցիաներին, տնտեսագետը նշեց, որ դրանք ամենակարճաժամկետ էֆեկտներ են ապահովում․ «Ինտերվենցիաներով դու չես կարող պայքարել այն հիմնարար գործոնների դեմ, որոնք բերում են ազգային արժույթի արժեզրկման։ Այդ գործոնները հիմնականում նաև ԿԲ տիրույթից դուրս են իրականում՝ տնտեսական անկումը, ներդրումների կրճատումը կամ կապիտալի փախուստը և արտարժութային շուկայի վրա ազդող այլ գործոններ, այդ թվում՝ դրամական փոխանցումների կրճատում։
Ինտերվենցիաները, որոնք կատարվում են, մեր պահուստների փոշիացումն է, պետական ծախս է, որը կրում ենք բոլորս։ Դրանք ԿԲ ռեզերվները չեն, երկրի ռեզերվներն են, որոնք վաճառվում են օրվա խնդիրը լուծելու համար։ Մինչդեռ դու չես կարող խորացող թոքաբորբը բուժել ջերմիջեցնողով․ սա պարզ կանոն է, որը վերաբերելի է նաև այդ դեպքին։
Առջևում քաղաքական մեծ իրադարձություններ են սպասվում, և կարծում եմ, որ նաև դրանով պայմանավորված՝ ԿԲ-ն, իհարկե, կշարունակի այդ ինտերվենցիաները, որպեսզի մեծ տատանումներ չլինեն արժութային շուկայում»։