«168 ժամ»․ Փաշինյանի համար շատ ավելի վտանգավոր են ներքին, քան արտաքին թշնամիները․ եթե առաջինները սպառնալիք են նրա անձնական իշխանությանը, ապա արտաքին թշնամիները սպառնում են «ընդամենը» երկրին
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Քաղաքականության, այդ թվում՝ արտաքին քաղաքականության մեջ արժանապատվությունը կարևորագույն գործոն է։ Քաղաքականությունը, բացի պետությունների միջև կապերից, մարդկային հարաբերությունների համակարգ է, որում կողմերից որևէ մեկի արժանապատվության բացակայությունը դիմացինին հնարավորություն է տալիս վարվել այնպես, ինչպես հիմա Ադրբեջանն է վարվում Հայաստանի հետ։
Պատերազմում կրած խայտառակ պարտությունից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ միջորդավորված հարաբերություններում սեփական ու, ցավոք, նաև պետական արժանապատվությունը հասցրել է հնարավոր նվազագույն մակարդակի, նրա առաջ նվաստացել է այնպես ու այնքան, որ Ալիևն ամբողջությամբ ազատ է զգում իր գործողություններում։
Գերիների վերադարձի նախօրեի «ֆեյք» պատմությունը դրա հերթական, բայց, ցավոք, ոչ միակ ու ոչ վերջին արտահայտությունն է։ Էրեբունի օդանավակայանի տարածքում ժամեր շարունակ իրենց զավակների վերադարձին էին սպասում խաբված ծնողներն ու հարազատները: Իհարկե, հիմք ունեն նաև այն գնահատականները, որ տեղի ունեցածը վերաբերում է ոչ միայն հայ-ադրբեջանական, այլ նաև Բաքու-Մոսկվա, Անկարա-Մոսկվա հարաբերություններին, և նման կերպ Ադրբեջանը կամ Ադրբեջանի միջոցով Թուրքիան ինչ-ինչ հարցեր է լուծում Ռուսաստանի հետ։
Հնարավոր է։ Բայց անգամ այդ դեպքում դա տեղի չէր ունենա, եթե Հայաստանն ունենար անձնային ու պետական արժանապատվություն կրող ղեկավար, ով, նույնիսկ լինելով պարտվածի կարգավիճակում, այդուամենայնիվ կկարողանար «ոչ» ասել բոլոր այն դեպքերում, երբ ոտնահարվում էին մեր՝ թեկուզ պարտված կողմի շահերը։
Բայց պատերազմին հաջորդած երկար ամիսների ընթացքում Նիկոլ Փաշինյանն ուշիմ աշակերտի նման կատարեց ու շարունակում է կատարել եռակողմ խայտառակ համաձայնագրի բոլոր, առաջին հերթին՝ Ադրբեջանի ու Թուրքիայի շահերից բխող կետերը։
Արժանապատվություն ունենալու պարագայում նա կարող էր որպես նախապայման ներկայացնել բոլոր հայ գերիների վերադարձի հարցը՝ առկախելով համաձայնագրի կատարման գործընթացը, մինչև վերջին գերին Հայաստան չվերադառնար։
Բայց Նիկոլ Փաշինյանը ոչ միայն նման որևէ նախապայման չառաջադրեց, այլ այն նույն պահին, երբ ադրբեջանցիները մեր գերիներին նվաստացնող հերթական տեսանյութերն էին տարածում, ինքը Հայաստանի գյուղերում քարոզում էր փոխել վերաբերմունքը մեր գերիների հետ այդպես ստորացուցիչ և դաժանաբար վարվող թշնամիների նկատմամբ։
Արդյունքում՝ Ադրբեջանը Հայաստանից ստանում է այն, ինչը՝ նորմալ պետության պարագայում, հնարավոր կլիներ նվազագույնը հումանիտար խնդիրների լուծումից հետո, հետևաբար՝ որևէ մոտիվացիա չունի վերադարձնելու հայ ռազմագերիներին։
Մեր գերիներն այդպիսով, ի թիվս այլ գործոնների, մինչև այսօր Ադրբեջանում են գտնվում նաև Նիկոլ Փաշինյանի վարած անարժանապատիվ, նվաստացուցիչ քաղաքականության պատճառով։
Նաև այն պատճառով, որ Փաշինյանի համար շատ ավելի վտանգավոր են ներքին, քան արտաքին թշնամիները, որովհետև եթե առաջինները սպառնալիք են նրա անձնական իշխանությանը, ապա արտաքին թշնամիները սպառնում են «ընդամենը» երկրին։
Իսկ Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնի է, երկիրը սիրում է հակառակ կողմից»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։