Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հայտնի է, որ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են մի շարք տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում՝ Սիրիայում զարգացող վերջին իրադարձությունները:
Նշվում է, որ Էրդողանն ու Պուտինը նաև անդրադարձել են օրեր առաջ Սիրիայի Էլ Բաբ շրջանում թուրքական դիրքերին հասցված ավիահարվածներին, որոնց հետևանքով մահացել են թուրք զինծառայողներ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ՊՆ-ն հարձակման համար մեղադրում է սիրիական բանակին:
Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Դրանից հետո Ռուսաստանը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել էր ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։
Սակայն այս տարվա ամռան սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել ռուսական իշխանություններից կատարվածի համար, ինչին հաջորդել են երկու երկրների հարաբերությունների վերականգնման աշխատանքները։