Արմեն Սարգսյանը կրկին դիմեց Սահմանադրական դատարան
ԻՐԱՎՈՒՆՔՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից օրենքների մասին փաթեթը չի ստորագրել եւ դիմել է ՍԴ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից:
Նախագահն այս առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է. «Ազգային ժողովի ընդունած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից օրենքների փաթեթն Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն է ներկայացվել 2021 թվականի ապրիլի 2-ին:
Հանրապետության նախագահն Օրենքը քննարկել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարության, ակադեմիկոսների, բուհերի, գիտության և կրթության ոլորտի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, լսել նրանց կարծիքներն ու դիտարկումները:
Ըստ Օրենքին կից ներկայացված հիմնավորման՝ Օրենքի գլխավոր նպատակն է կրթության և գիտության համակարգերի կառավարման արդյունավետության բարձրացումը: Սակայն հարկ է ընդգծել, որ Օրենքը համակարգային բնույթ չունի, և դրանով նախատեսված կարգավորումներով գիտության և կրթության ոլորտում առկա խնդիրների համար առավելապես հատվածական լուծումներ են առաջարկվում:
Նման օրենքի ընդունման համար նախ և առաջ պետք է ունենալ գիտության և կրթության զարգացման հստակ տեսլական, ռազմավարություն, ծրագիր՝ ինչ ուղղությամբ ենք գնում, ինչպիսի գիտություն ու կրթություն ենք ուզում զարգացնել: Օրենքը ներկա վիճակով լիարժեքորեն չի արտացոլում գիտության և կրթության զարգացման ժամանակակից միտումները:
Միևնույն ժամանակ, Օրենքի վերաբերյալ Հանրապետության նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունները և փորձագիտական կարծիքները հանգեցրել են այն եզրակացության, որ Օրենքի առանձին դրույթներ առերևույթ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Հանրապետության նախագահը չի ստորագրել Օրենքը՝ դիմելով Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը Օրենքի համապատասխանությունը որոշելու համար: