Արա Վարդանյանի վերաբերյալ քրեական գործը կքննի դատավոր Արմինե Մելիքսեթյանը
ԻՐԱՎՈՒՆՔ«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարգից։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արա Վարդանյանը 2009 թվականի մայիսի 18-ից մինչեւ 2018 թվականի հուլիսի 20-ը զբաղեցնելով ՀՀ կողմից հիմնադրված «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը, շահադիտական նպատակներով իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, էական վնաս է պատճառել հիմնադրամի օրինական շահերին, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ, ինչպես նաեւ 2017-ից 2018 թվականներն ընկած ժամանակահատվածում պաշտոնեական կեղծիք կատարելով հափշտակել է իր կառավարմանը վստահված հիմնադրամի առանձնապես խոշոր չափերի գույքը, այնուհետեւ կեղծված պաշտոնեական փաստաթղթերն այլ կեղծ փաստաթղթերով փոխարինելու նպատակով կատարել է պաշտոնեական նոր կեղծիք:
Գործով մյուս մեղադրյալը Ավետիք Հարությունյանն է, ում մեղադրանք է առաջադրվել առ այն, որ նա 2004 թվականի մարտի 22-ից հանդիսանալով ՀՀ կողմից հիմնադրված «Հայաստան» համահայկական հիմնադրամի 100% ղեկավարման հանձնված «ՀԱՏՄ» ՍՊ ընկերության տնօրենը, այսինքն՝ պաշտոնատար անձ, պաշտոնեական կեղծիք կատարելով, օժանդակել է Արա Վարդանյանին՝ առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելուն, ինչպես նաեւ պաշտոնեական կեղծիքի կատարմանը: