Արթուր Դավթյան. Օլիմպիական խաղերին կմասնակցեմ երկու գործիքների վրա
ՍՊՈՐՏՈւրախ եմ, որ ապրիլի 24-ին կանգնեցի պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին, Հայաստանի դրոշը բարձրացավ ու բոլորը ոտքի կանգնեցին: Այս մասին լրագրողների հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանում ասաց սպորտային մարմնամարզության Եվրոպայի նորընծա չեմպիոն Արթուր Դավթյանը:
Շվեյցարիայի Բազել քաղաքում ապրիլի 21-25-ն անցկացված Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմը 5 մասնակցով նվաճել է մեկ ոսկե մեդալ։ Հայաստանի առաջատար մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի օրը, հռչակվեց նժույգ թափեր վարժության Եվրոպայի չեմպիոն։ 2019թ․ Եվրոպական խաղերի չեմպիոնը ոսկե մեդալ նվաճեց 14.266 միավորով: Հակոբ Սերոբյանի գլխավորած թիմը Եվրոպայի չեմպիոնի հետ նախորդ գիշեր վերադարձել է հայրենիք:
«Եվրոպայի առաջնությունում մտածված մասնակցեցի երկու վարժությունների վրա՝ հենացատկ եւ նժույգ թափեր: Բազմամարտում չմասնակցեցի, որպեսզի հնարավորություն տամ մեր տղաներին պայքարել օլիմպիական ուղեգրերի համար: Ինչպես հայտնի է՝ Եվրոպայի առաջնությունում երկու ուղեգիր էր խաղարկվում միայն բազմամարտում: Իմ մասնակցությունը ոչինչ չէր տալու մեր թիմին ուղեգրերի առումով, քանի որ ես արդեն անվանական ուղեգիր ունեմ: Նժույգի վրա իմ երկու օրվա մասնակցությունից գոհ եմ, բայց անկեղծ չէի սպասում, որ ոսկե մեդալակիր կդառնամ: Իմ ուժեղ գործիքը հենացատկն է եւ սպասելիքներս ավելի շատ հենացատկից էր: Սպասում էի, որ գուցե չեմպիոն դառնամ հենացատկում, քանի որ վարժությունս մյուսների համեմատ բարձր էր:
Նժույգ թափերում առաջին խնդիրը նախ եզրափակիչ դուրս գալն էր: Մտածում էի՝ եթե եզրափակիչ դուրս գամ, առավելագույնը, որ կկարողանամ անել, երրորդ տեղի արդյունքն էր: Եզրափակիչում արդեն անակնկալ էր, որ մեծ մասը վրիպեցին, վայր ընկան, չկարողացան լիարժեք կատարել վարժությունը: Անկեղծ կլինեմ՝ եթե եզրափակիչում ամեն մեկը լիարժեք աներ իր վարժությունը, ես պայքարս կավարտեի բրոնզե մեդալով: Բայց սա սպորտ է, եւ ով կարողանում է հաղթահարել լարվածությունը եւ լիարժեք կատարել իր վարժությունը, նա էլ հաղթում է: Նույն կերպ ես հենացատկում չկարողացա իմ հնարավորությունների չափով ցատկել ու տեղ չգրավեցի: Նժույգի վարժությունում օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ կային, բայց այս անգամ նրանց մոտ չստացվեց այնպես, ինչպես ինձ մոտ չստացվեց իմ ուժեղ գործիքը՝ հենացատկը:
Ուրախ եմ, որ ապրիլի 24-ին՝ մեր ազգի համար այդ կարեւոր օրը, կանգնեցի պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին, Հայաստանի դրոշը բարձրացավ ու բոլորը ոտքի կանգնեցին: Օլիմպիական խաղերի համար հենացատկի վարժությունս կբարդացնեմ: Այն ցատկը, որը պետք է կատարեմ Օլիմպիական խաղերում, արդեն հաջողությամբ ստացվում է: Նախքան Եվրոպայի առաջնության մեկնելն արդեն ստացվում էր: Հենացատկի որակավորման փուլում այդ ցատկս լավ կատարեցի եւ վստահությունս ավելացավ: Եզրափակիչում չստացվեց ցատկել այնպես, ինչպես կարող եմ: Փորձ էր, որը չհաջողվեց: Կենտրոնացած եմ այդ ցատկիս վրա եւ մինչեւ Օլիմպիական խաղեր դեռ էլի կավելացնենք: Օլիմպիական խաղերում նույն ծրագրով եմ մասնակցելու՝ երկու գործիքների վրա՝ հենացատկ եւ նժույգ թափեր: Հատուկ մտածված ծրագիր է, որ մյուս վարժությունների վրա ուժ չգործադրեմ եւ աշխատեմ այս երկուսի վրա»,- ասաց Արթուր Դավթյանը:
Հիշեցնենք, որ Արթուր Դավթյանը սպորտային մարմնամարզությունում Հայաստանի միակ ներկայացուցիչը կլինի Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում: Նա օլիմպիական ուղեգիրը նվաճել է 2019 թվականի հոկտեմբերի 8-ին Շտուտգարտում անցկացված աշխարհի առաջնությունում։
Լուսինե Շահբազյան