Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Ժամանակ». Հայտնի է, թե ում է բերելու ՀՀԿ-ն նոր խորհրդարան
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժամանակ» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցությունը Ազգային ժողովում կանոնակարգ օրենք է փոխում, որով նախատեսված նորամուծություններից մեկն էլ այն է, որ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները իրավունք են ստանում քվեարկել իրենց բացակա խմբակիցների փոխարեն, վերջինիս տված լիազորագրով:
Մեծ երեւակայություն պետք չէ հասկանալու համար, թե որն է այս փոփոխության նպատակը: Դե իհարկե այս փոփոխության նպատակը ուրիշի փոխարեն քվեարկությունը այսպես ասած՝ օրենքի ուժով իրականացնելն է: Բանն այն է, որ չնայած մեծամասնությանը, ՀՀԿ-ականների մի մեծ մասը շատ հաճախ չի ներկայանում լիագումար նիստերին եւ առաջանում է քվեարկությունների տապալման ռիսկ, որն էլ չեզոքացվում է ուրիշի փոխարեն քվեարկելով՝ բացակաների փոխարեն: Սա պարբերաբար աղմուկի պատճառ է դառնում եւ ամեն մի նման քվեարկություն կարող է գտնվել չեղյալ հայտարարվելու ռիսկի տակ: Իսկ նոր խորհրդարանում այս հարցը կարող է էլ ավելի սուր լինել, քանի որ ՀՀԿ-ն ըստ ամենայնի 2017 թվականին չի կարող ապահովել բացարձակ մեծամասնություն ինչպես այժմ, եւ այդ պարագայում ամեն մի բացական կարող է ճակատագրական նշանակություն ունենալ:
Եվ այդ իսկ պատճառով, Հանրապետականն արդեն այժմ, քանի դեռ ունի ցանկացած օրենք անցկացնելու բացարձակ մեծամասնություն, փորձում է լուծել հարցերը եւ կանխարգելել նոր խորհրդարանում նման ռիսկերը: Այս իրողությունը նաեւ ի ցույց է դնում մեկ ուրիշ իրողություն կամ սպասվելիք գործողություն: Սերժ Սարգսյանը ՀՀԿ համագումարում հայտարարեց, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են կուռ, պատրաստված, բանիմաց, գրագետ մարդկանցով համալրված թիմով: ՀՀԿ-ի ներկայիս կանոնակարգային նախաձեռնությունը հուշում է, թե իրականում ինչով է մասնակցելու ՀՀԿ-ն ընտրություններին: Համենայն դեպս մասնակցելու է այնպիսի մարդկանցով, որոնք շարունակելու են բացակայել խորհրդարանական աշխատանքներից եւ որոնց հաճախելիությունը լինելու է մեղմ ասած՝ կասկածելի:
Եվ հենց այս նկատառումից ելնելով է, որ ՀՀԿ-ն այսօր փորձում է անցկացնել այդ օրինագիծը, վաղը փաստի առաջ չկանգնելու համար: Այսինքն, սրանով իսկ պարզ է, թե ինչ կոնտինգենտ է ՀՀԿ-ն բերելու խորհրդարան 2017-ին, կամ գուցե թողնելու խորհրդարանում:
Այսպես ասած՝ խորհրդարան չհաճախողների կոնտինգենտը՝ մարդիկ, որոնք ոչ միայն օրենք գրել չգիտեն, ոչ միայն սեփական անունը գրել չգիտեն, եւ նրանց մասնակցությունը խորհրդարանական նիստերին հոգեկան տառապանք է իրենց համար, այլ նաեւ հաճախ չեն էլ հասկանում, թե ինչ օրենք են քվեարկում, պետք է կողմ, թե դեմ քվեարկեն: Ահա եւ նման դեպքերի համար էլ փորձում են ապահովագրվել հետագա կազուսներից»: