Գիշերով աստիճաններ մաքրող «բուշլատով» տղա, բարձր ճիչ. ի՞նչ են տեսել քնած կուրսանտները Հայկազ Բարսեղյանի սպանության գիշերը
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱվան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական քննությունը:
Կուրսանտներ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանին ու Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ 2015 թվականի հունվարի 29-ի գիշերը՝ ժամը 2-ից 3-ի սահմաններում, գումարտակի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին: Սպանությունից հետո տուժողի մարմինը կախվել է մարզահրապարակի պտտաձողից՝ ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար…
Արգելանքի տակ չգտնվող հինգերորդ ամբաստանյալ էլ կա՝ Վարազդատ Սաֆարյանը, ով սպանության դրվագով չի մեղադրվում, նա մեղադրվում է Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի կանոնները խախտելու, տարբեր դրվագներով կուրսանտներ Տիգրան Մանասերյանին ու Արտուշ Սիմոնյանին ծեծի ենթարկելու համար:
Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվող չորս ամբաստանյալներից երկուսը՝ Վաչե Սահակյանն ու Մովսես Ազարյանը մեղադրվում են նաև տուժող Հարություն Ալեքսանյանի նկատմամբ բռնություն գործադրելու, նրան ծեծելու համար: Այդ միջադեպը տեղի է ունեցել Հայկազի սպանությունից երեք օր առաջ՝ 2015 թվականի հունվարի 25-ին:
Դատարանը սկսեց վկաների հարցաքննությունը:
Դատարան էր ներկայացել վկա Սամվել Սերոբյանը: Նա հայտնեց, որ ներկայումս ծառայում է ռազմական ոստիկանությունում: Վկան նույնիսկ ստորագրեց, որ նախագահողի կողմից նախազգուշացվեց սուտ ցուցմունք տալու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին: Այնուհետև վկան ասաց, թե ի վիճակի չէ հարցաքննվելու, քանի որ շատ վատ է զգում, ստամոքսի շրջանում ցավեր ունի:
Շտապօգնություն հրավիրվեց, որը տեղում բժշկական օգնություն ցուցաբերելը անհնարին համարելով՝ իր հետ տարավ վատացած վկային:
Այս վկան կարևոր վկաներից է, քանի որ նա քնել է տուժող Հայկազ Բարսեղյանի հետ նույն ննջարանում, նրա կողքի մահճակալին, և սպանության գիշերը գտնվել է իր անկողնում:
Մինչ բժիշկները կժամանեին, դատարանը ռազմական ինստիտուտի հետ կապվելով՝ միջոցներ ձեռք առավ՝ ևս մի վկայի ներկայությունն ապահովելու համար:
Երբ պարզ դարձավ, որ վկա Սամվել Սերոբյանը չի կարող հարցաքննվել, դատարանի միջանցքում արդեն սպասում էր վկա կուրսանտ Ավետիս Նահապետյանը:
Նա նշեց, որ չորս ամբաստանյալների և տուժող Հայկազ Բարսեղյանի հետ ինքը նույն գումարտակից է եղել, ճիշտ է, բայց նրանց հետ չի շփվել: Վկան մինչև անգամ նայեց չորս ամբաստանյալներին ու նրանցից դեմքով «հիշեց» միայն Վաչե Սահակյանին ու Նորայր Սահակյանին: Մովսես Ազարյանի ու Գնել Թևոսյանի դեմքերը նա «հիշել» չկարողացավ: Հետագա հարցաքննության ամբողջ ընթացքում վկայի ամենահաճախ օգտագործած արտահայտությունն էր. «Չեմ հիշում, թեթև բաներ եմ հիշում»:
Վկան նշեց, սակայն, որ նախաքննական ցուցմունքները տվել է իր կամքով, ոչ ոք իրեն չի պարտադրել, չի ուղղորդել:
Հինգերորդ ամբաստանյալի՝ Վարազդատ Սաֆարյանի դեմքը վկան հիշում էր, քանի որ նրանք նույնիսկ մեկ դասարանում էին սովորել ժամանակին:
Վկա Նահապետյանը կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գիշերը օրապահ է եղել, նա օրապահություն է արել գումարտակի շենքի երկրորդ հարկում:
Ի սկզբանե վկան ասաց, թե սպանության գիշերը ինքը թերացել է իր պարտականությունների կատարման մեջ, հիմնականում ոչ թե կանգնած է եղել օրապահի տեղում՝ միջանցքի կողապահարանի մոտ, այլ քնած է եղել դիմացի սենյակում: Բացի դրանից, Ավետիս Նահապետյանը իր օրապահության ընթացքում հասցրել է դուրս գալ շենքից, գնալ հսկիչ-անցագրային կետ, այնտեղ սուրճ խմել ու զրուցել՝ մոտ հիսուն րոպե անց նոր վերադառնալ գումարտակի շենք, որպեսզի դարձյալ «հիմնականում քուն մտնի»:
Ըստ վկայի՝ 2015 թվականի հունվարի 29-ի գիշերը, նշանակված լինելով օրապահ, ինքը ժամը 19-ից մինչև 23-ը քնած է եղել, քանի որ մյուս օրապահի՝ կուրսանտ Սիմոնյանի հետ պայմանավորվել էր՝ սկզբում ինքն է քնելու, Սիմնոնյանն է օրապահություն անելու, ապա Սիմոնյանն է քնելու, ինքն է օրապահություն անելու:
Ըստ Ավետիսի՝ այդպես էր որոշել, քանի որ առաջադիմության հետ կապված խնդիրներ ուներ, զորամասի հերթապահը իրենց ստուգում էր գիշերը, ահա և ինքը որոշել էր կեսգիշերից հետո օրապահություն անել, զորամասի հերթապահի հարցերին պատասխանել առույգ՝ դրանով խրախուսանք վաստակել ու բարձրացնել իր առաջադիմության ցուցանիշը:
Սակայն այդ մտայնության պարագայում էլ Ավետիսը իր պարտականությունները լավ չի կատարել, նա ոչ միայն օրապահի տեղում կանգնած չի մնացել, այլև գիշերվա ժամը 2-ն անց 10-ից մինչև 3-ը դուրս էր եկել շենքից ու գնացել է հսկիչ-անցագրային կետ՝ սուրճ խմելու. «Այո, գնացել եմ, սոված էի, մտածեցի՝ ՀԱԿ-ում ուտելիք կլինի, կուտեմ, բայց ուտելիք չկար»,- նախաքննական հարցաքննության ժամանակ քննիչի հարցին պատասխանել է վկան:
Ըստ վկայի՝ ինքը, օրապահ լինելով, համարյա ամբողջ ընթացքում քնած է եղել, կարճատև «արթնացումներ» է ունեցել, պառկած տեղից հարցրել է՝ «Նորմա՞լ ա»: Պատասխանել են՝ «Նորմալ ա»: Ինքն էլ նորից քուն է մտել:
Բայց անգամ իրավիճակի՝ այս աստիճան «նորմալ» լինելու, օրապահի՝ այս աստիճան «քնած» լինելու» պայմաններում էլ նա «որոշ բաներ» այնուամենայնիվ, տեսել ու դրանց մասին հայտնել է նախաքննական ցուցմունքում:
Մասնավորապես, երբ հսկիչ-անցագրային կետից վերադառնում էր գումարտակի շենք, չորս կողմը մառախուղ էր, հանկարծ ծիծաղի ձայն է լսել, մի քանի հոգու ծիծաղ է եղել, ըստ վկայի՝ մոտ երեք հոգու:
Երբ վկան մի կարճ ժամանակամիջոց արթուն է եղել, գտնվել է երկրորդ հարկի լվացարանում կամ կողապահարանի մոտ, տեսել է, որ մեկը՝ «բուշլատի օձիքը բարձրացրած-դեմքը փակած, գլխարկով»՝ «շվաբրով ու ոտքով պրտում է երրորդ հարկից երկրորդ հարկ իջնող աստիճանները»՝ մաքրում է դրանք: Այդ ժամին մաքրություն պիտի որ չկատարվեր, մաքրությունը կատարվել էր արդեն, բացի այդ մաքրողը, չգիտես ինչու, ամեն կերպ քողարկել է դեմքը, երևացել են միայն նրա աչքերը: Նա մի տեսակ «ուշադիր» նայել է Ավետիսին, այնպես է նայել, որ Ավետիսը հերթապահ Շահնազարյանին հարցրել է. «Էս ո՞վ էր՝ սենց նայեց»:
Մաքրություն անողը վազելով ներքև է իջել, նրան ուշադիր զննել չեն կարողացել:
Դատարանում վկա Նահապետյանն ասաց, թե չգիտի՝ ով կարող էր լինել այդ «մաքրասեր» կուրսանտը, սակայն նախաքննական ցուցմունքում նա հայտնել է, թե մարմնակազմությամբ, շարժուձևերով, նայվածքով ինքը այդ մաքրողին նմանեցրել է Մովսես Ազարյանին…
Վկան նաև հայտնել է, թե հսկիչ-անցագրային կետից վերադառնալուց հետո, երբ քնած էր, հետո մի պահ արթնացել է, որ հարցնի՝ «նորմա՞լ ա»: Իրեն պատասխանել են՝ «նորմալ ա»: Բայց հենց այդ պահին մի ուժեղ գոռոց, մի «ճիչ» է լսվել: Ըստ վկայի՝ ինքը հարցրել է հերթապահին՝ էդ ի՞նչ էր: Հերթապահն ասել է՝ չգիտեմ: Դե վկա օրապահն էլ նորից հանգիստ քուն է մտել…
Վկա Ավետիս Նահապետյանն ասաց, թե ռազմական ոստիկանությունում, ուր տարել էին իրենց սպանությունից հետո, իրենք երկու օր մնացել են: Բայց այնտեղ իր վրա չեն գոռացել, իրեն ոչինչ չեն պարտադրել. «Ես թույլ չէի տա, որ իմ վրա գոռան: Դա մարդու պահվածքից ա, որ նրա վրա գոռում են… Ես ինձ ճանաչելով՝ կարող եմ ասել՝ ինձ նենց եմ պահել, որ իմ նկատմամբ վատ չվերաբերվեն…»:
Վկան նշեց, որ անձնական մի շարք հանգամանքների պատճառով ինքը երկար ժամանակ չի շփվել համածառայող կուրսանտների հետ, նրանց հարաբերություններին էլ ուշադրություն չի դարձրել, իրեն չի հետաքրքրել՝ ինչ է կատարվում իր կողքին, դրա համար էլ չի կարող բնութագրել գործով ամբաստանյալներին ու տուժողին:
Չնայած դատարանում Ավետիս Նահապետյանն ասաց, որ Հայկազ Բարսեղյանի մարմինը հայտնաբերվելուց հետո ինքը չի գնացել սպորտհրապարակ՝ դիակը տեսնելու, նախաքննական ցուցմունքում ասել էր, թե գնացել ու տեսել է դիակը: Այնուհետև իրեն են մոտեցել մի խումբ կուրսանտաներ, որոնց մեջ եղել են նաև ամբաստանյալներից, մասնավորապես՝ Վաչեն: Իրեն հարցրել են՝ հեչ մարդ չտեսա՞ր գիշերը իջնել-բարձրանալիս: Ավետիսը հիշել ու ասել է աստիճանները մաքրող գլխարկով, «անհայտ» կուրսանտի մասին: Նրան հարցրել են՝ բա չգնացի՞ր հետևից՝ տենայիր ով ա: Ավետիսը պատասխանել է՝ գնացի տենայի, բայց չերևաց… Այդ հարցերը, ըստ Նահապետյանի, կուրսանտ Դավիթն էր տալիս, իսկ ներկա գտնվող Վաչե Սահակյանը «գլուխը կախել էր»:
Հետո վկան հիշել է, որ մարտկոցում իրեն մոտեցել է նաև Վաչեն ու հարցրել է՝ ո՞ւմ ես տեսել գիշերը…
Այնուհետև, լրացուցիչ հարցաքննության ժամանակ վկա Նահապետյանը քննիչին հայտնել է. «Անվերապահորեն հայտնում եմ, որ սպանության գիշերը աստիճանավանդակին կանգնած՝ քնած էի, մի պահ արթնացա ու քնաթաթախ տեսա Վաչե Սահակյանին…»:
Քննիչը հարցրել է՝ վկայի այդ «հիշողությունը» կապված չէ՞ նրա հետ, որ սպանության կասկածանքով Վաչեն կալանքի տակ է, վկան էլ, միգուցե, ներշնչել է իրեն… Վկան պատասխանել է. «Ես հետո եմ հիշել… իմ մեջ մտածել եմ մշտապես ու տեսածս մարդուն նմանեցրել եմ Վաչեին, հիշում եմ նրա վախեցած հայացքը… Հետո նա բարձրացավ մարտկոց…»:
Ավետիս Նահապետյանի նախաքննական բոլոր ցուցմունքները չհրապարակվեցին: Երբ դատարանը հինգ րոպե ընդմիջումից հետո վերսկսեց նիստը, պարզվեց, որ ամբաստանյալ Մովսես Ազարյանը վատացել է, խնդրել է շտապօգնություն կանչել:
Ըստ շտապօգնության բժշկի տեղեկանքի՝ Մովսես Ազարյանի մոտ առկա էր բարձր ճնշում, սրտի հաճախազարկություն: Նա բողոքել է սրտի անհանգստությունից, սրտխառնոցից, ներվայնությունից, բարձր ճնշումից և հրաժարվել է ներարկումից: Նրան դեղորայք է տրվել՝ խմելու, լեզվի տակ դնելու: Բժիշկը խորհուրդ չի տվել, որ նա շարունակի մասնակցել դատական նիստին:
Ըստ Մովսես Ազարյանի շահերի պաշտպան, փաստաբան Անահիտ Հովհաննիսյանի, ով նույնպես տեսակցեց իր պաշտպանյալին, Մովսեսը շատ թույլ էր: Նա պաշտպանին ասել է, որ նիստի ամբողջ ընթացքում վատ է զգացել իրեն, պարզապես սպասել է, որ դատարանը ընդմիջում հայտարարի, որպեսզի նիստը չխանգարի:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը խանգարելու համար ամբաստանյալ Մովսես Ազարյանի նկատմամբ դատարանը սանկցիա էր կիրառել, նա մինչև դատական նիստի ավարտը հեռացվել էր դահլիճից:
Դատարանը հետաձգեց դատական նիստը, միաժամանակ նախագահողն ասաց, թե հարցում կկատարվի մեկուսարանի ադմինիստրացիային՝ ամբաստանյալների առողջական վիճակի վերաբերյալ:
Հաջորդ նիստին դատարանը կշարունակի վկաների, մասնավորապես՝ Ավետիս Նահապետյանի հարցաքննությունը: