«Հրապարակ»․ Լարվածությունը մեծանում է․ մանրամասներ՝ ՔՊ գլխամասային գրասենյակում
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Նախօրեին «Քաղպայմանագիր» կուսակցության գլխամասային գրասենյակում տեղի ունեցած միջադեպի մասին մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Հիշեցնենք, որ, ըստ լրատվամիջոցների, ՔՊ-ականներ Սուրեն Պապիկյանի և Սասուն Միքայելյանի միջև նախ լեզվակռիվ, ապա ծեծկռտուք է ծագել։ Մեզ պատմեցին, որ գրասենյակում իշխանության նախընտրական շտաբի ակտիվն է հավաք կազմակերպել, հրավիրել են նաև, այսպես կոչված, «տասովշչիկների»՝ ՀՀ տարբեր մարզերից, որպեսզի քննարկեն ու հասկանան, թե ով որտեղից ինչքան ձայն է բերելու իրենց։
Սուրեն Պապիկյանի մեծ-մեծ խոսելը, թե իրենք ոչ մի մարզում պրոբլեմ չունեն, անգամ՝ Սյունիքում, մի քիչ աշխատանք ու մեծ տոկոսներ են խփելու, նյարդայնացրել է Սասուն Միքայելյանին։ Նա, ըստ լուրերի, Պապիկյանին հորդորել է մեծ-մեծ բրդելու փոխարեն մարզեր գնալ, որ տեսնի՝ ունե՞ն պրոբլեմ, թե՞ ոչ։ Միքայելյանի դիտողությունը դուր չի եկել կուսակիցներին, սկսվել է բանավեճ, լեզվակռիվ, որին միջամտել են նաև Սասուն Միքայելյանին ուղեկցող տղաները․ նշենք, որ արդեն մի քանի տարի է՝ նրան 3-4 երիտասարդ են ուղեկցում, սակայն պատմեցին, որ ներկաներին հաջողվել է շուտ կանխել քաշքշուկը և թույլ չտալ, որ ձեռնամարտի հասնի։
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Միքայելյանը հրապարակային խոսեց Սյունիքի անվտանգ չլինելու մասին և ասաց, որ ցանկացած պահի այնտեղ վտանգ կա, որ մարդ կառևանգեն»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։