Ժամանակն Ադրբեջանի դեմ է աշխատում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎերջին շրջանում Ֆրանսիան և ԱՄՆ-ն պարբերաբար Ադրբեջանից պահանջում են վերադարձնել հայ ռազմագերիներին։ Նախօրեին էլ Ադրբեջանը ընդամենը երեք ռազմագերի է վերադարձրել Հայաստանին։
Այս թեմայով զրուցել ենք միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբար Արա Ղազարյանի հետ։
Հարցին, թե ինչո՞ւ է Ադրբեջանը այդքան հորդորներից հետո միայն երեք ռազմագերի է վերադարձրել` Արա Ղազարյանը պատասխանել է, որ դա իրավական գործընթաց չէ, որ կարգավորված լինի և ռեգլամենտ ունենա․ «Ժամանակն Ադրբեջանի դեմ է աշխատում և որքան ձգվի ժամանակն, այնքան Ադրբեջանի նկատմամբ ճնշումները կմեծանան, որովհետև այն, ինչ անում է Ադրբեջանը` գերիներին չվերադարձնելը, միջազգային հանցագործություն և մարդու իրավունքների խախտում է: Սա նշանակում է, որ այդ պետությունը աստիճանաբար սկսում է սպառնալիք ներկայացնել միջազգային անվտանգությանը, իսկ դա արդեն ՄԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված հիմք է, որ միջազգային հանրությունը միջամտի: Քաղաքական միջամտությունը առայժմ հորդորներով, քաղաքական ճնշումներով, դիվանագիտական ճանապարհով աստիճանաբար որքան Ադրբեջանը ձգում է ժամանակը, այնքան պետություններն ավելի շատ են հիմք ձեռք բերում միջամտելու, որովհետև դա արդեն ոչ թե Ադրբեջանի ներքին գործն է, այլ միջազգային անվտանգության հարց է: Գնալով քաղաքական ճնշումները կավելանան և Ադրբեջանը հաշվարկներ է կատարում՝ պլյուսներ-մինուսներ կամ գերիներին պահելով՝ ինչ-ինչ զիջումներ կորզելով Հայաստանից, միևնույն ժամանակ աշխատելով քաղաքական ռեսուրս նետել միջազգային ասպարեզ, որպեսզի այնտեղ դիմագրավի քաղաքական ճնշումներին, որոնք գնալով շատանալու են: Իսկ Լավրովի այցի շրջանակում էլ խոսք է գնում համաձայնագրի մասին, և այն կարգավորող տիրույթ է բերում կողմերին, իսկ եթե կա կարգավորում, ստատուս քվո, կողմերը ձեռք են բերում հավասար հնարավորություններ»։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք մարդու իրավունքների առումով մենք դիմե՞լ ենք միջազգային այն ատյաններ, որոնք կարող էին ազդեցություն ունենալ` փաստաբանը պատասխանել է․ « Այս կարճ ժամանակահատվածում մեզ ամենամոտ կանգնած միջազգային ատյանը և ամենաարդյունավետ գործիքը ՄԻԵԴ-ն ն է: Իհարկե, եթե զինված հակամարտության կոնտեքստում նայենք, ամենալավ ատյանը Միջազգային քրեական դատարանն էր, բայց ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը այդ դատարանին իրավազորությունը չեն ընդունում, որովհետև նրա կանոնադրությունը վավերացված չէ: Այդ պատճառով էլ այդ դատարանը հասանելի չէ: Ամենահասանելին, որը կարող է արագ արձագանքել` ՄԻԵԴ-ն է: Իհարկե, կարելի է դիմել նաև միջազգային ատյան, ասենք՝ Արդարադատության միջազգային դատարան, բայց դրա արձագանքը բավական երկար է տևում: Գուցե ապագայում Հայաստանը պատրաստվում է դիմելու ռասիզմի հիմքերով, մոտ կես տարի առաջվա հայտարարությունների հիմքերով, դա էլ կարելի էր ակնկալել, պարզապես դրա վարույթը 10-15 տարի է տևում, դա ապագային միտված գործողություն է: Ամենաարագն արձագանքել է Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանը: Առայժմ դեռ միակ միջազգային մարմինն է, որն ամենաարագն է արձագանքել»։
Սոնա Գիշյան