Ադրբեջանի օմբուդսմենը բողոքում է Հայաստանի օմբուդսմենից
ԻՐԱՎՈՒՆՔԱդրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիեւան նամակ է հղել ՄԱԿ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաշելին եւ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյե Միյատովիչին՝ բողոքելով Հայաստանի օմբուդսմենից: Այս մասին հայտնում է АПА-ն:
Բողոքի էությունն այն է, որ «ԶԼՄ-ներում եւ սոցիալական ցանցերում անընդհատ ադրբեջանցիների նկատմամբ ագրեսիա եւ անհանդուրժողականություն քարոզող հայտարարություններ ու արտահայտություններ են տարածվում՝ Հայաստանի ռազմաքաղաքական իշխանությունների ազդեցության եւ ճնշման ներքո»:
Փաստորեն ադրբեջանցի օմբուդսմենը փորձում է հապշտապ մեղադրել հայկական կողմին այն բանում, ինչ անում են իրենք՝ ադրբեջանական կողմը: Հաշվի առնելով Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանի ակտիվ աշխատանքը՝ պատերազմի ընթացքում եւ դրանից հետո քաղաքական ղեկավարության եւ մշակույթի գործիչների աջակցությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից կատարված հանցագործությունները բացահայտելու եւ հանրայնացնելու հարցում, նա հաճախ դառնում է Ադրբեջանի տարբեր ներկայացուցիչներ հարձակումների թիրախ:
Հատկանշական է, որ Ադրբեջանի օմբուդսմենը երբեք չի արձագանքել ադրբեջանական զինուժի կողմից կատարված հրեշավոր հանցագործությունների մասին հաղորդագրություններին, այդ թվում` անպաշտպան հայ գերիների, զինվորականների եւ քաղաքացիական անձանց, կանանց նկատմամբ: