Grand Chess Tour. Արոնյանը կհանդիպի շախմատի համաշխարհային թագի նախկին հավակնորդի հետ
ՍՊՈՐՏՀայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դասական շախմատի Grand Chess Tour մրցաշարի երկրորդ տուրում ոչ ոքի է խաղացել ամերիկացի Ուեսլի Սոյի հետ:
Երկու տուրից հետո հայ շախմատիստը կիսում է 3-8-րդ տեղերը՝ կես միավորով զիջելով առաջատարներին՝ ամերիկացի գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանային ու ռումինացի Բոգդան-Դանիել Դյակին:
Մրցաշարը մեկնարկել է հունիսի 3-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում և կավարտվի հունիսի 15-ին: Հայ շախմատիստը մրցաշարին մասնակցում է Հայաստանի դրոշի ներքո:
Բացի Արոնյանից, սերիայի առաջին մրցաշարում կխաղան համաշխարհային թագի նախկին հավակնորդ Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Անիշ Գիրին (Նիդեռլանդներ), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Շահրիյար Մամեդյարովը, Թեյմուր Ռաջաբովը (երկուսն էլ՝ Ադրբեջան), Մաքսիմ Վաշյե–Լագրավը (Ֆրանսիա), Բոգդան-Դանիել Դյակն ու Կոնստանտին Լուպուլեսկուն (երկուսն էլ՝ Ռումինիա):
Արոնյանը 2005 և 2017 թվականների աշխարհի գավաթակիր է, Հայաստանի հավաքականի կազմում 37-րդ, 38-րդ և 40-րդ համաշխարհային օլիմպիադաների, 2011 թվականի աշխարհի և 1999 թվականի Եվրոպայի թիմային առաջնությունների հաղթող, բազմաթիվ գերմրցաշարերի, ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի, Վեյկ ան Զեյի մրցաշարի քառակի հաղթող (2007, 2008, 2012 և 2014), 2009 և 2013 թվականների Բիլբաո-Մեծ սաղավարտի հաղթող, արագ շախմատի 2009 թվականի աշխարհի չեմպիոն, 2006 և 2007 թվականների Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010 թվականի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, 2002 թվականի Հայաստանի չեմպիոն։