Հորինվածքներով նախընտրական «քարոզարշավ». «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին մնացել է երկու օր: Անցած տասն օրերին իշխանությունները պարզապես զբաղված են եղել միմիայն հնարավոր բոլոր մեթոդներով իրական ընդդիմադիր կուսակցություններին վարկաբեկելու փորձերով։ Մասնավորաբար, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, հասկանալով, որ բոլոր սոցհարցումներով և փորձագիտական գնահատականներով իրենց վարկանիշը զգալիորեն անկում է ապրում և փաստացի վերընտրվելու ոչ մի շանս չունեն, փորձում են կիրառել բացառապես հակաքարոզչության տակտիկան։
Վերջին մի քանի օրերին իշխանությունն իրեն սպասարկող հարթակներով ժամանակ առ ժամանակ «տեղեկություններ» է շրջանառում, թե իբր ֆավորիտ ընդդիմադիր կուսակցությունների և դաշինքների կողմից ընտրակաշառք է բաժանվում, ավելին՝ հրապարակվում են մեկ քվեի համար «խոստացվող» աստղաբաշխական թվերի մասին։ Ի դեպ, բոլոր այդ «լուրերը» դաշտ են նետվում «օդում կախված տեղեկություններով», «այն օրը խոսում էին», «հորեղբորս աղջկա տեգոր կնոջ սկեսուրի հարևանի շունը պատմում էր», «ես չեմ տեսել, բայց լսել եմ» մակարդակի վրա, առանց որևէ փաստի։
Ի դեպ, մենք տեղեկություններ ունենք, որ իրավապահները մեծամասամաբ հրաժարվում են այդ թեմայով գործեր «կարել», այսինքն, մարդիկ գտնել, որոնք «կխոստովանեն», որ ընտրակաշառք են տվել կամ ստացել: Սակայն այդ ուղղությամբ իշխանությունների աշխատանքները շարունակվում են, և չի բացառվում, որ առաջիկա մի քանի օրերին, հատկապես ընտրության օրը նման շոուներ սարքեն: Այս հարցում իշխանության «թելը թելում են» հիմնականում ՀԱԿ հատուկենտ ներկայացուցիչները, այսպես կոչված, սորոսականներն ու արևմտյան ֆինանսավորում ունեցող ու արտահերթին մասնակցող որոշ «միավորներ»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում