«Տնտեսության իրական ծավալները նվազել են. վերականգնման մասին խոսելը պրիմիտիվ մանիպուլյացիա է». «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Տնտեսության իրական ծավալները չեն վերականգնվում, ինչն այս պահի դրությամբ փաստում է գնաճ-տնտեսական ակտիվության ցուցանիշ հարաբերակցությունը: Այս մասին «Փաստի» հետ զրույցում նշեց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով հունվար-մայիս ամիսների մակրոտնտեսական ցուցանիշներին, ինչպես նաև կառավարության կողմից տարեվերջին կանխատեսվող 6 տոկոս տնտեսական աճին: Նշենք, որ հունվար-մայիսին պաշտոնական տվյալներով արձանագրվել է 4,3 տոկոս տնտեսական աճ:
«Իրենց վիճակագրությանը, բնականաբար, դժվար է հավատալ, բայց անգամ իրենց վիճակագրությամբ ենք փաստում, որ ՏԱՑ-ն աճել է 4,3 տոկոսով, իսկ սպառողական գների ինդեքսն այդ նույն ժամանակահատվածում աճել է 5,5 տոկոսով: Երկրորդ ցայտուն ցուցանիշը արդյունաբերության ոլորտինն է, որտեղ ունենք 2,3 տոկոս աճ: Սա այն դեպքում, երբ արդյունաբերական արտադրանքի գներն աճել են ավելի քան 9 տոկոսով: Առևտրի դեպքում էլ 7,4 տոկոս աճ կա, բայց միայն սննդամթերքի գները այս նույն ժամանակահատվածում 7,6 տոկոսով են ավելացել: Ավելի ծանր է իրավիճակը ծառայությունների ոլորտում: Փաստացի, նախորդ տարվա համեմատ այս ոլորտում նույն շրջանառությունն ունենք, երբ ծառայությունների գները ևս աճել են: Այստեղ ծառայությունների իրական ծավալների անկումը ևս ակնհայտ է»,-ասաց մեր զրուցակիցը:
Նրա խոսքով, այս շարքը կարելի է շարունակել, բայց մեկ այլ կարևոր գործոն կա. «Հիմնական գործոնը բազայի էֆեկտն է: Այսինքն, ծավալների նվազման ցուցանիշներն առկա են նույնիսկ այն պարագայում, երբ նախորդ տարի մարտից սկսած մեր տնտեսությունը համատարած սահմանափակումների մեջ էր: Նույնիսկ բազայի էֆեկտի նման բարձր առկայության դեպքում 2020 թվականի համեմատ տնտեսության իրական ծավալների վերականգնում դեռ չունենք: Սա է իրողությունը: Եվ բազայի էֆեկտը մինչև տարեվերջ շարունակվելու է, որովհետև այս իշխանական խմբակի կողմից համավարակի տապալումից բացի, մենք նաև մեկ այլ բազային էֆեկտ առաջացնող երևույթ՝ պատերազմ ունեցանք, որի ձախողումները ևս տնտեսական անկման բերեցին: Չնայած չեմ կարծում, որ տարին 6 տոկոսով կփակեն, բայց եթե անգամ իրենց կանխատեսած 6 տոկոս ՀՆԱ-ի աճն էլ ցույց տան, պետք է հաշվի առնել հետևյալ գործոնները. նախ՝ իրավիճակն ակնհայտորեն այնքան վատ է, որ նույնիսկ այսօրվա պոպուլիստ իշխանություններն են փաստացի ասում, որ մինչև տարվա վերջ շարունակելու ենք մեր տնտեսական անկումը:
Ինչո՞ւ, որովհետև 6 տոկոս աճով նույնիսկ անվանական չենք վերականգնվում՝ հաշվի առնելով, որ նախորդ տարի անկումը 7,6 տոկոս էր: Երկրորդ՝ այս տեմպերով շարունակելու դեպքում գնաճը մեր երկրում կմոտենա երկնիշ ցուցանիշի: Մեծ հաշվով, տնտեսության իրական ծավալներով մենք ունենալու ենք մոտավորապես այնչափ անկում, ինչն արձանագրվեց նախորդ տարի՝ հաշվի առնելով գնաճն ու բազայի էֆեկտը: Այսինքն, այստեղ վերականգնման մասին խոսելն ուղղակի պարզ ու պրիմիտիվ մանիպուլ յացիա է»:
Թադևոս Ավետիսյանն ավելի հանրամատչելի համատեքստում դիտարկեց իրավիճակը. «Պարզ ասած՝ գներն ավելի արագ են աճել, քան տնտեսությունը: Երբ գներն աճում են, դրամական արտահայտությամբ շրջանառությունները, բնականաբար, ևս աճում են: Օրինակ՝ երբ նախկինում տասը ձեթ էր վաճառվում, 6000 դրամի շրջանառություն էր: Հիմա այդ նույն տասը ձեթը 11 000 դրամի շրջանառություն է: Այսինքն, երբ գներն աճել են 5,5 տոկոսով, և գոնե այդքան չի աճել տնտեսությունը, նշանակում է՝ տնտեսության իրական ծավալները նվազել են: Թե՛ միջազգային կազմակերպությունները, թե՛ Համաշխարհային բանկը և անգամ մեր Կենտրոնական բանկը 6 տոկոս աճ չեն կանխատեսում:Բայց եթե անգամ այս պոպուլիստների կանխատեսած թիվն ունենանք, այս գնաճի պայմաններում անկումը նույն տեմպերով շարունակվելու է»:
Նրա խոսքով՝ գործ ունենք ահագնացող գնաճի հետ: «Ընդհանուր առմամբ, գնաճն անկախ երևույթ չէ, այն արտացոլվում է երկրի տնտեսությամբ: Այն անխուսափելի է, երբ շարունակվում է տնտեսական անկումը: Ընդհանուր տնտեսական բարձր ռիսկերի պարագայում հատկապես ներկրվող ապրանքների ուղղությամբ գնաճն անխուսափելի է: Հիմա 5,5 տոկոսը սպառողական գների ինդեքսն է, որտեղ ամենատարբեր ապրանքներ են ներառված: Ընդ որում, այդ ցուցանիշի մեջ առաջին անհրաժեշտության ապրանքները շատ քիչ տեսակարար կշիռ ունեն: Իրականում այս հինգ ամիսներին մարդկանց առաջին անհրաժեշտության ապրանքներից միայն սննդամթերքինն աճել է 7-8 տոկոսով: Միևնույն ժամանակ, կաթնամթերքի, ձեթի, յուղերի, հացի, հացամթերքի, ձվի ու մսամթերքի գներն առնվազն կրկնակի, եռակի ավելի բարձր չափով են աճել: Այստեղ մենք 20-30 տոկոսին մոտեցող գնաճ ունենք:
Բարձրացել են նաև դիզվառելիքի և բենզինի գները: Այսպիսի իրավիճակում ամենավտանգավորն այն է, որ կրճատվում են մարդկանց իրական եկամուտները: Այսինքն, տնտեսությունն անկում ունի, այն չի վերականգնվում, եկամուտները գրեթե չեն աճում, բայց գներն են աճում առաջանցիկ ձևով: Միևնույն ժամանակ, մարդկանց ծախսերն են ավելանում նույն կյանքի որակը պահելու համար: Հետևաբար, գործ ունենք իրական եկամուտների նվազման և մարդկանց կյանքի որակի վատացման հետ: Ստեղծված իրավիճակը ցածր եկամուտ ունեցողների համար աղքատության հանգեցնող հստակ գործոն է»,-ասաց Թ. Ավետիսյանը:
Ինչ վերաբերում է գնաճի զսպման հնարավորություններին, նա նշեց. «Առհասարակ, գնաճի պատճառները տնտեսական երևույթներն են: Դա ներդրումների փախուստն է երկրից, օտարերկրյա ներդրումների համար առկա ռիսկերն են, գործոն են նաև աշխարհաքաղաքական ռիսկերը, ինչպես նաև բացասական սպասումները, որոնք արդեն առաջացել են տնտեսվարողների մոտ և փոխել են նաև սպառողների վարքագիծը: Այսպիսի իրավիճակը կշտկվի, երբ այդ գործոնները կչեզոքացվեն և կայուն անկումը կփոխարինվի կայուն զարգացմամբ: Մինչև դա տեղի չունենա, գնաճի և տնտեսական անկման հանգեցնող բոլոր երևույթներն առկա են լինելու: Կենտրոնական բանկը, ջանք չխնայելով, իրականացնում է մի քաղաքականություն, որով փորձում է ինչ-որ չափով նաև ազգային արժույթը կայունացնել, որ ինչ-որ չափով զսպի գնաճը: Բայց սրանք կարճաժամկետ արդյունքներ տվող գործիքներ են:
Այսինքն, ինչքան էլ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնեն, ինչքան էլ հույսները դնեն տրանսֆերտների՝ դրսի փոխանցումների վրա, միևնույնն է, սա հարցի լուծում չէ, կարճաժամկետ արդյունքներ է ունենալու: Մեծ հաշվով, քանի դեռ այս իրավիճակը պահպանվում է, քանի դեռ կան տնտեսական անորոշություններ, ռիսկեր, կապիտալի փախուստ և օբյեկտիվ բացասական սպասումներ տնտեսվարողների մոտ, մեր տնտեսությունը չի կարող վերականգնվել»:
Նրա խոսքով՝ քանի դեռ տնտեսական ազատ անկման փուլում ենք, նշվածից բխող լրացուցիչ բացասական երևույթներն ու հետևանքներն անխուսափելի են լինելու: «Ամենակարևոր խնդիրներից են գնաճը, տնտեսական անկումը, մարդկանց իրական եկամուտների նվազումը, սոցիալական խնդիրների սրումը և իրական զբաղվածության մակարդակի նվազումը: Սրանք երևույթներ են, որոնք, բնականաբար, ազդում են նաև մարդկանց տրամադրությունների և վարքագծի վրա, և, վերջին հաշվով, հանգեցնում նաև արտագաղթի: Թվարկվածները, ինչպես նաև կյանքի որակի վատացումն ու ապագայի նկատմամբ անորոշությունների ելքերից մեկը դառնում է արտագաղթը, ինչն արտացոլվում է փաստերով: Մենք արտագաղթի նոր ալիքի հետ գործ ունենք, ինչն ինքնին բավականին վտանգավոր երևույթ է»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
Աննա Բադալյան
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում