Ծանոթ ու միարժամանակ անհայտ … երաժշտական գործիք հոբոյ
ՄՇԱԿՈՒՅԹՀոբոյը փայտե փողային երաժշտական գործիք է: Գործիքի անվանումը գալիս է «haubois» բառից, ինչը ֆրանսերեն նշանակում է երկար, փայտե: Այն ունի 60 սմ երկարությամբ կոնաձև խողովակի ձև, որը բաղկացած է 3 մասից՝ վերին և ստորին ծնկերից և փողից: Հոբոյն ունի փականային համակարգ, որի միջոցով բացում և փակում են հոբոյի փայտե պատերին փորված 24-25 նվագային անցքերը: Վերին ծունկն ունի կրկնակի լեզվակ և ձայնային գեներատոր: Երբ օդը ներխուժում է՝ կրկնակի լեզվակ ներկայացնող 2 եղեգի թիթեղները թրթռում են, և անցնում խողովակի մեջ, որի արդյունքում ձայն է առաջանում: Ի տարբերություն մեկ լեզվականի կլարնետի, հոբոյը իր երկու լեզվակով առաջացնում է հարուստ մեղեդային, և մի փոքր քթային տեմբր:
Հոբոյ պատրաստելու հիմնական նյութը աֆրիկյան սև ծառն է: Երբեմն օգտագործվում են այլ էկզոտիկ ծառատեսակներ («մանուշակագույն» ծառ, կոկոբոլո): Վերջին տեխնոլոգիական նորարարությունը 5% ածխածնային մանրաթելի հավելումով սևանիստ փոշու հիմքի վրա պատրաստված նյութ է: Նման գործիքը ավելի թեթև է, ավելի էժան, ավելի քիչ է արձագանքում ջերմաստիճանի և խոնավության փոփոխություններին: Առաջին հոբոյները պատրաստվել են բամբուկի և եղեգի սնամեջ ցողուններից: Հետագայում որպես կայուն նյութ սկսել են օգտագործվել հաճարենու, տանձենու, վարդի փայտանյութը, անգամ օգտագործվել է փղոսկր: 19-րդ դարում հոբոյի վրա անցքերի և փականների քանակի ավելացման հետ մեկտեղ անհրաժեշտություն է առաջացել ավելի դիմացկուն նյութի, որը և դարձել է աֆրիկյան սև ծառի փայտանյութը:
Հոբոյի նախնիները եղել են բազմաթիվ ժողովրդական գործիքներ, որոնք հայտնի են եղել մարդկությանը հին ժամանակներից: Այդ բազմազանության մեջ են հին հունական ավլոսը, տիբիան հռոմեացիների մոտ, պարսկական զուռնան և գայտան: Նման ամենահին երաժշտական գործիքը հայտնաբերվել է շումերական թագավորի դամբարանում, և ավելի քան 4600 տարեկան է: Այն իրենից ներկայացնում է լեզվակի մոտ միացած զույգ արծաթե խողովակներ: Հետագա շրջանի գործիքներն են եղել մուսեթը, անգլիական եղջյուրը, բարոկն ու բարիտոն հոբոն: Վերածննդի դարաշրջանի ավարտին հայտնվել են շալմեյները, կումգորները և պարկապզուկները: Ժամանակակից հոբոյն իր սկզբնական տեսքը ստացել է 17-րդ դարի վերջին Ֆրանսիայում շալմեյի բարելավումից հետո: Ճիշտ է, այդ ժամանակ նա ունեցել է ընդամենը 6 անցք և 2 փական: 18-րդ դարից սկսած հոբոյը լայն տարածում է գտել Եվրոպայում: Այդ ժամանակվա լավագույն կոմպոզիտորները, այդ թվում Բախը, Հենդելը, Վիվալդին, Մոցարտը, Բեռլիոզը այն օգտագործել են իրենց ստեղծագործություններում: Ռուսաստանում 18-րդ դարից այն օգտագործվել է Գլինկայի, Չայկովսկու և այլ հայտնի կոմպոզիտորների կողմից: 18-րդ դարը իրավամբ համարվում է հոբոյի ոսկե դարաշրջան:19-րդ դարում հոբոյը փոփոխությունների է ենթարկվել: Փոփոխությունները ազդել են գործիքի անցքերի և փականների քանակի վրա:
Ներկայումս ևս, ինչպես և երկու դար առաջ անհնար է պատկերացնել երաժշտություն առանց հոբոյի եզակի տեմբրերի: Այն հանդես է գալիս որպես մենակատար գործիք կամերային երաժշտության մեջ, հոբոյը հիանալի է հնչում սիմֆոնիկ նվագախմբում, անկրկնելի է ժողովրդական գործիքների հարևանությամբ, այն նույնիսկ օգտագործվում է ջազում: Հոբոյը ներկայումս էլ լայն տարածում ունի:
Կ.Խաչիկյան