Իշխանությունը մանիպուլացնում է տնտեսական աճի մասին թվերով
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀայաստանի իշխանությունները սիրում են տեղին-անտեղին խոսել տնտեսական ակտիվության աճի մասին, գեղեցիկ թվեր ներկայացնում, մինչդեռ անկախ տնտեսագետները պնդում են՝ բացարձակ թվերով դիտարկելու դեպքում ընդհանրապես ակտիվություն չունեն: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն օրերս անդրադարձել է մայիսին արձանագրված տնտեսական ակտիվության 4,3 տոկոս աճին, նշել, թե տնտեսական ակտիվությունը ոչ թե բացարձակ թվերով, այլ տոկոսով է աճել: Տնտեսագետն արձանագրում է, որ 2020 թվականի համեմատ կարող է տնտեսական ակտիվության մակարդակն աճած լինել, որովհետև նույն կառավարության հրապարակած ցուցանիշով 7,8 տոկոս անկում ենք ունեցել: Իսկ երբ երկիրը լոքդաունից դուրս է գալիս, տնտեսական ակտիվության աճը բնականոն երևույթ է, մարդիկ սկսել են գումար ծախսել, օգտվել զվարճանքի կենտրոններից, սննդի օբյեկտներից, ակտիվացել է ներգնա զբոսաշրջությունը, որոշակի չափով բարելավվել են առևտուրն ու վարձատրությունը: Եվ այս հանգամանքը թույլ է տալիս կառավարությանը որոշակի տոկոսներ ասել։ Միևնույն ժամանակ հարկ է դիտարկել գնաճի ցուցանիշը, իսկ դա անելը այս կառավարությանը ձեռնտու չէր, այլապես կպարզվեր, որ որակյալ աճ ընդհանրապես չի էլ եղել։
«Ի՞նչ արեց պետությունը: Փոխարժեքի վրա ազդեցություն թողեց, բարձրացրեց այն, որոշ չափով հարկային հավաքագրումներ կատարեց, իսկ հիմա, երբ արդեն եկել է պետական գնումների ժամանակահատվածը, նորից փոխարժեքի վրա ազդեցություն է թողնում, նվազեցնում է այն, որ էժանով անհրաժեշտ ինչ-որ ապրանքներ ու ծառայություններ ձեռք բերի: Այնուհետև նորից ազդեցություն է թողնում: Սա վտանգավոր խաղ է, վտանգավոր միջամտություն է տնտեսության մեջ, որն անթույլատրելի է և մեզ լավ տեղ չի տանում»,-նշել է Նաիրի Սարգսյանը:
Պատերազմից հետո իշխանությունը որևէ քայլ չի կատարել տնտեսական նոր կապեր հաստատելու, նոր շուկաներ գրավելու, ռազմարդյունաբերության, վերամշակող արդյունաբերության, ներմուծմանը փոխարինող տեղական արտադրության զարգացման և գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ։ Որևէ քայլ չի կատարվել նաև ենթակառոցվածքների արդիականացման, Հայաստանի արտադրողների մրցունակության ավելացման ուղղությամբ, իսկ դա կարող է աղետալի հետևանքներ ունենալ։ Փոխարենը, գործող իշխանությունները անցած տարի, օգտվելով համավարակից, պետական գնումների 40 տոկոսն արել են մեկ անձից, ինչը օրենքի կոպիտ խախտում է։ Այս բոլոր փաստերը վկայում են՝ Հայաստանում գործ ունենք տնտեսությունից չհասկացող, սեփական ժողովրդին մանիպուլացնող, հանցավոր խառնամբոխի հետ, որը ստով և կեղծիքով է փորձում պահպանել իր իշխանությունը։
Զարեհ Պետրոսյան