Ասում են՝ պորտալարը կարճ է եղել՝ մահացել է. ինչ են պատմում մահացած ծնված նորածնի ծնողները
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱրտաշատի բժշկական կենտրոնի ծննդատանն այսօր՝ դեկտեմբերի 12-ին, մահացած ծնված երեխայի ծնողները չգիտեն՝ ինչի արդյունքում է երեխան մահացել: Ծննդկանի սկեսրայրը՝ Գեղամը, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ 24-ամյա Հռիփսիմեին հիվանդանոց են տեղափոխվել առավոտյան ժամը 9-ին եւ նրա հետ ամեն ինչ կարգին է եղել:
«9 անց կես ջրերը գնացին, տարել ենք հիվանդանոց, եղել է ցավերի մեջ: Ջրերը գնացել էին, պետք է այդ վիճակում 4 ժամից ավելի չպահեին, բայց իրենք 8 ժամ են պահել: Հետո բնական ճանապարհով երեխան ծնվել է՝ իրենց ասելով պորտալարը կարճ է եղել եւ դրա հետեւանքով է մահացել: Բայց մենք գիտենք, որ երեխայի սիրտն աշխատել է, մահացած չի ծնվել, հետո ա մահացել»,-պատմեց Գեղամը:
Իսկ ծննդկան Հռիփսիմեի ամուսին Կարենը, մեզ հետ զրույցում պատմեց, որ ծննդատան բժիշկներն իրենց հորդորել են սպասել եւ չանհանգստանալ, մինչեւ՝ երեխան բնական ճանապարհով լույս աշխարհ կգա: Այժմ երեխայի ծնողները չգիտեն՝ երեխան ինչի արդյունքում է մահացել, բժիշկների այն պնդումները, թե երեխան պորտալարի կարճ լինելու հետեւանքով է մահացել, չի բավարարում երեխա կորցրած ծնողներին:
«Մենք դեռ չենք բողոքում, մենք այժմ ուզում ենք իմանալ՝ ինչի արդյունքում է մահացել մեր երեխան: Նրա հետ հղիության ընթացքում ամեն ինչ կարգին է եղել: Կնոջս առաջին հղիությունն էր եւ այն հսկվել է հենց այս հիվանդանոցում, ընթացքում ոչ մի խնդիր չի եղել: Ծնունդն ընդունել է Զեմֆիրա անունով բժշկուհին, որն ասել է, որ պորտալարի կարճ լինելու պատճառովէ մահացել մեր երեխան »,-ասաց նա՝ նշելով, որ կնոջ վիճակն այժմ բավարար է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արտաշատի ծննդատանն այսօր մահացած երեխա է ծնվել: