Լիբերտադորեսի գավաթ. «Բոկա Խունիորսը» Բալեկյանի հետ լքեց պայքարը
ՍՊՈՐՏԼիբերտադորեսի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան խաղում բրազիլական «Աթլետիկո Մինեյրոն» հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել է արգենտինական «Բոկա Խունիորսին» և նվաճել հաջորդ փուլի ուղեգիր: Ինչպես առաջին խաղում, այնպես էլ պատասխան մրցավեճում գրանցվել է 0:0 հաշիվը:
Բրազիլիայում տեղի ունեցած պատասխան խաղում Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը «Բոկա Խունիորսի» մեկնարկային կազմում հանդես է եկել 81 րոպե:
Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը հունիսի 18-ին արգենտինական «Ուրականից» էր տեղափոխվել «Բոկա Խունիորս», որի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր։ Բալեկյանը 2018 թվականից է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականում, իսկ «Ուրականին» միացել էր 2016-ին: