Ստորագրահավաքին բազմաթիվ քաղաքացիներ են միացել. պահանջը՝ անհապաղ ազատ արձակել Սյունիքի կալանավորված համայնքապետներին. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Երևանում մի քանի օր առաջ մեկնարկել է ստորագրահավաք՝ ի աջակցություն Սյունիքի կալանավորված համայնքապետների: Սակայն իրավապահները խոչընդոտել են ստորագրահավաքի անցկացումը, որն իրականացվում էր Հյուսիսային պողոտայում: «Փաստ» թերթի տեղեկություններով, քաղաքական իշխանությունը բավականին անհանգստացած է այս նախաձեռնությամբ, և իշխանության ամենավերին «գագաթից» ուղիղ հրահանգ է եղել՝ ամեն կերպ կանխել ստորագրահավաքը:
Սակայն դա չի խանգարում շարունակել նախաձեռնությունը, և ստորագրահավաքն իրականացվում է թե՛ Հայաստանի այլ բնակավայրերում, թե՛ առցանց տարբերակով: Մեր ունեցած տեղեկություններով, ստորագրահավաքին արդեն իսկ միացել են մեծ թվով քաղաքացիներ, այդ թվում՝ բավականին հայտնի քաղաքական, հասարակական գործիչներ, մտավորականներ, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, շարքային քաղաքացիներ: Մենք տեղեկություններ ունենք, որ տարբեր ակցիաներ են իրականացվելու նաև Սյունիքի և ընդհանրապես հանրապետության տարբեր բնակավայրերում:
Հիշեցնենք, որ ստորագրահավաքին միացողները պահանջում են անհապաղ ազատ արձակել Սյունիքի՝ կալանավորված համայնքապետներին: Կալանավորված են Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը և Որոտանի համայնքապետ Սուրիկ Օհանջանյանը, ինչպես նաև ԶՊՄԿ անվտանգության դեպարտամենտի ղեկավար Արամ Գասպարյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում