Ստորաքարշության շքահանդես, կամ ինչպե՞ս հնարավոր խորը մտնել ՀԱՊԿ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում իրավիճակի սրումը, ադրբեջանական հրոսակների նախահարձակ գործողությունները լավ առիթ էին, որպեսզի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վերջապես բարեհաճեր դիմել ռազմավարական դաշնակցին, նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ Փաշինյանը մի քանի օր լռություն պահպանեց, իսկ երեկ վերջապես խոսեց, սակայն այնքան վախվորած և ստորաքարշ կերպով, որ ավելի լավ կլիներ՝ չխոսեր։ Կառավարության նիստում նա երկու հայտարարություն է արել, երկուսն էլ՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության։ Արձանագրելով, որ սահմանային իրավիճակը չի մեղմանում՝ Փաշինյանը նախ առաջարկել է դիտարկել Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հարցը։ ՀԱՊԿ վերաբերյալ հայտարարությունն էլ կարելի է քծնանքի մաստեր-կլաս համարել։
«Լինելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ, ով սույն թվականի սեպտեմբերից ստանձնելու է կազմակերպության նախագահությունը, Հայաստանը հասկանում է ՀԱՊԿ-ի համար անվտանգային սպառնալիքներ չստեղծելու, դաշնակից երկրներին ռազմական գործողությունների մեջ չներքաշելու իր պատասխանատվությունը»,- ասել է Փաշինյանը:
Փաստորեն, Հայաստանը գտնվում է դե-ֆակտո պատերազմական իրավիճակում, իսկ Նիկոլ Փաշինյանին ավելի շատ մտահոգում է «դաշնակիցների» համար խնդիրներ չստեղծելու հանգամանքը։ Վարչապետի պաշտոնակատարի այս ստորաքարշությունը զայրացրել էր նույնիսկ նրա արևմտամետ կողմնակիցներին, որոնք ստիպված էին քննադատություն հնչեցնել։ Ի դեպ, սահմանին ռուս սահմանապահներ տեղակայելու առաջարկն այնքան անհեթեթ էր, որ անգամ պաշտոնական Կրեմլը հրաժարվել էր մեկնաբանել։ Երևանի հետ շփումները շարունակվում են, ոչինչ չենք կարող հավելել, ասել էր ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը։
Պարույր Համբարյան