Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ. պաշտպանը ժպիտով է վերաբերվում այս որոշմանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Մնացական Հարությունյանը մերժեց պաշտպանության կողմի բողոքը և Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին թողեց կալանքի տակ։ Տեղեկությունը հայտնում է Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
«Վերահաստատում եմ դատական նիստի ժամանակ արտահայտած հետևյալ դիրքորոշումս. «Դուք չունեք կամք և բավարար ուժ այս գործով կայացնելու օբյեկտիվ որոշում, Դուք չունեք համարձակություն գնալ իշխանություններին դեմ և կայացնել նրանց համար ոչ հաճո որոշում, ուստի արժանի չեմ համարում մասնակցել Ձեր նախագահությամբ վարած նիստին»։ Հարգելի ընկերներ, ժպիտով ենք վերաբերում այս որոշմանը, քանզի իրականում պարտվողը մենք չենք, այլ դատավոր Մ. Հարությունյանը, որը երբեք չի դառնա այնպիսին, ինչպիսին են դատավորներ Ա. Ազարյանը, Ա. Վարդանյանը, Վ. Ռշտունին, Մ.Պապոյանը, Ս. Մարաբյանը: Իսկ Առուշանյանը, միևնույնն է, ազատ է արձակվելու, չկասկածեք»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
Նա նաև խնդրանքով դիմել է դատավորներին։
«Հա մեկ էլ մի բան, հարգելի որոշ դատավորներ, խնդրում եմ ձեզ, դատական նիստերի ժամանակ վերջ տվեք այդ անլրջություններին, օրինակ՝ քննիչ, դատախազ նախատել, պաշտպանության կողմին սիրաշահել և ընդհանուր առմամբ թվալ օբյեկտիվ եւ արդար, սակայն հետո գալ և կայացնել ձեր կողմից դատական նիստերին ցուցաբերած վարքագծին հակառակ որոշում։ Այդ կտերը ինքներդ կերեք ու մի քիչ արժանի պահեք ձեզ, թե չէ կարծես թե մոռացել եք ձեր կարգավիճակի լրջության աստիճանի մասին»,– եզրափակել է պաշտպանը։
Հիշեցնենք, որ Առուշանյանը կալանավորվեց հուլիսի 16-ին: Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։