Լարվածությունը չի թուլանում. ՌԴ ԱԳՆ-ին մտահոգում են հայ-ադրբեջանական սահմանի միջադեպերը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսական կողմը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հաճախակի դարձած զինված միջադեպերով և կողմերին կոչ է անում խուսափել իրադրության լարումից։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովը։
Նա հավելել է, որ ՌԴ–ն պատրաստ է հետագայում ևս ակտիվ ներդրում ունենալ հակամարտության կարգավորման գործընթացում:
«Մենք կոչ ենք անում կողմերին խուսափել գործողություններից, որոնք հղի են իրադրության հետագա լարմամբ», - ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:
Նա նշել է, որ առաջ եկող բոլոր հարցերը պետք է լուծել բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։
«Ռուսաստանը պատրաստ է հետագայում ևս ակտիվ ներդրում ունենալ հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում իրավիճակի կարգավորման գործում։ Այդ թվում ՝ սահմանի դելիմիտացիայի ու սահմանագծման համատեղ աշխատանքի մեկնարկի միջոցով», - հայտարարել է Բիկանտովը։
Նրա գնահատմամբ՝ այդ ջանքերը, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, ինչպես նաև միջհամայնքային երկխոսության միջոցով կնպաստեն Անդրկովկասը կայունության և անվտանգության գոտի դարձնելուն:
Նշենք, որ հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։
Սակայն դրան հաջորդող օրերին նույնպես ադրբեջանցիները պարբերաբար խախտում են պայմանավորվածությունը` կրակելով հայկական դիրքերի ուղղությամբ։
Ավելին` հուլիսի 29–ի լույս 30–ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։
Հուլիսի 30–ին խոցվել է Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։
Հուլիսի 31-ին ադրբեջանցիները կրակ են բացել Երասխի ուղղությամբ, փորձել ամրաշինական աշխատանքներ կատարել, ավելի ուշ նրանք կրակել են սնունդ տեղափոխող մեքենայի վրա։