Արտահերթ նստաշրջան է գումարել Արցախի Հանրապետության Ազգային ժողովը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱզգային ժողովը 2021թ. օգոստոսի 6-ին Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան, որը վարում էր Աժ նախագահ Արթուր Թովմասյանը:
Այս մասին հայտնում են Ազգային ժողովի մամուլի ծառայությունից։
«Անցնելով օրենսդրական գործունեությանը՝ Աժ նախագահը նշել է, որ նախաձեռնողի առաջարկով արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկվել են «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման մասին»,««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,«Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին»,«Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»,««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը:
Մինչ օրակարգային հարցերի քննարկումը, խորհրդարանի ղեկավարը տեղեկացրել է, որ համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ, 42-րդ հոդվածի 1-ին և 60-րդ հոդվածի 2-րդ մասերով «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման մասին» օրենքի նախագիծը Ազգային ժողովը քննարկելու է հատուկ ընթացակարգով: Առաջարկվել է օրինագծի 2-րդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում: Նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկների և գլխադասային հանձնաժողովի եզրակացության ներկայացման համար սահմանվել է առնվազն 3-ական ժամ: Առաջարկվել է հարցի քննարկումը շարունակել ժամը 13:00-ին:
Խորհրդարանն ընդունել է որոշումը և անցել օրակարգային հարցերի քննարկմանը:
«Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման մասին» օրենքի նախագիծը ներկայացրել ԱՀ ՆԳՆ ոստիկանության պետ, գնդապետ Ա. Հարությունյանը: Գլխադասային՝ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո, խորհրդարանն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունել է օրենքի նախագիծը:
««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի կողմից ստացել էր դրական եզրակացություն:
Քվեարկության արդյունքում՝ 27 կողմ ձայնով օրենքն ընդունվել է:
Օրակարգի հաջորդ հարցը ««Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումն էր:Նախագիծը լիազորված էր ներկայացնելու ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի տեղակալ Վ. Առաքելյանը: Արժանանալով գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությանը՝ 27 կողմ ձայնով խորհրդարանն օրենքն ընդունել է:
ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Ա. Թովմասյանի ներկայացրած «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ֆինանսնաբյուջետային և տնտեսական կառավարման հանձնաժողովի կողմից ստացել էր դրական եզրակացություն: Խորհրդարանը օրինագիծը միաձայն ընդունել է որպես օրենք:
««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը ներկայացրել է ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը:Հանձնաժողովի նիստում հնչեցված առաջարկն ընդունվել և ներառվել է օրինագծում:
Օրենքի նախագիծը գլխադասային հանձնաժողովում արժանացել էր դրական եզրակացության: 27 կողմ քվեով այն ընդունվել է որպես օրենք:
Այնուհետև նստաշրջանի աշխատանքները շարունակվել են ժամը 13:00-ին և 2-րդ ընթերցմամբ ներկայացվել «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման մասին» օրենքի նախագիծը: ԱՀ ՆԳՆ ոստիկանության պետ, գնդապետ Ա. Հարությունյանը նշել է, որ գլխադասային հանձնաժողովի նիստում «Արդարություն» խմբակցության կողմից եղել է առաջարկ՝ օրինագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետում նշված հուլիսի 8-ը փոխարինել օգոստոսի 6-ով: Առաջարկն ընդունվել է: Արժանանալով պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը՝ խորհրդարանը 27 կողմ ձայնով օրենքն ընդունել է»,- ասված է հայտարարության մեջ: