Այս պահի դրությամբ մենք նույնիսկ 2019 թվականի մակարդակին չենք հասնում
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆոր ձևավորված կառավարության առաջին նիստից հետո լրագրողները Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից, հետաքրքրվել են, թե արդյոք նա զգո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի նշած «կախարդական փայտիկի» ազդեցությունը:
Լրագրողների հարցին ի պատասխան՝ նախարարը ասել է․ «Ամենակարևոր ազդեցությունը, իհարկե, կոռուպցիան արմատախիլ անելն է: Ես չեմ ասում՝ չկա կոռուպցիա, բնականաբար, կա ինչ-որ չափով կոռուպցիա, բայց այդ կոռուպցիան համակարգային չէ և կոռումպացված մարդիկ բավական հաճախ հայտնվում են ճաղերի հետևում»:
Հարցին, թե արդյոք սա՞ է կախարդական փայտիկի ազդեցությունը, նախարարն արձագանքեց՝ ոչ ու բերեց մեկ այլ օրինակ. «Հիմա եթե, օրինակ, վերցնենք դեկտեմբեր ամիսը, երբ բոլոր կանխատեսումներն ասում էին, որ Հայաստանը 2021 թվականին կունենա 1-1.5 տոկոս տնտեսական աճ, բայց արդյունքում մենք արդեն առաջին կիսամյակի արդյունքներով ունենք 5 տոկոս տնտեսական աճ և ամեն ինչ գնում է նրան, որ մենք կունենանք 10-ից ավելի տոկոս տնտեսական աճ: Տնտեսության անդրադարձը այսպիսի խորը, կրկնակի ճգնաժամից՝ հետևանքն է միայն նրա և նաև նրա, որ այդ կախարդական փայտիկը գործում է, այսինքն տնտեսությունն արնաքամ չի լինում կոռումպացված գումարներով, տնտեսությունից դուրս չեն գալիս այն գումարները, որոնք առաջ սև ճանապարհներով դուրս էին գալիս, և դա հնարավորություն է տալիս, որ մեր տնտեսության անդրադարձը լինի անհամեմատ ավելի արագ, քան այդ բոլոր կանխատեսումներն էին»:
Հարցին, թե նախորդ տարվա վերջից սկիզբ առած և չկանգնող գնաճն է՞լ է այդ կախարդական փայտիկի շրջանակներում գործում, Վահան Քերոբյանը պատասխանեց. «Ես կուզենայի, որ դուք այսպիսի հարցեր տալուց մի հատ նախապես վերլուծություն ունենայիք, թե, օրինակ, մեր մոտակա երկրներում ինչպիսին է գնաճը, աշխարհում հիմնական ապրանքատեսակների գնաճն ինչպիսին է: Հայաստանը չի կարող արտադրել ամեն ինչ և մեծ քանակի արտադրանք ներմուծվում է, իսկ այդ ներմուծված ապրանքների գնի նկատմամբ մենք առանձնապես որևէ հսկողություն կամ ազդեցություն չունենք: Ես կարծում եմ, որ հիմա արդեն օգոստոս ամսից սկսվում է հիմնական ապրանքատեսակների, նոր բերքի մասին տեղեկատվության հայտնումը և վստահ եմ, շատ վստահ եմ, որ գների էական անկում շատ շուտով մենք կտեսնենք: Դուք նաև տեսնում եք, որ ԿԲ-ն անընդհատ լրացնում է այն գործիքակազմը, որն անհրաժեշտ է, որպեսզի գները կարգավորվեն»:
Այս հարցուպատասխանից, թերևս, կարելի էր ենթադրել, որ տնտեսագիտական հայտնի եզրույթի՝ «անտեսանելի ձեռք»-ի կողքին շատ շուտով իր արժանի տեղը կունենա նաև «անտեսանելի կախարդական փայտիկը», որն առայժմ ՀՀ վարչապետի և իր թիմակիցների ձեռքին է:
Այս թեմայով զրուցել ենք տնտեսագետ Հրանտ Միքայելյանի հետ։
Անդրադառնալով էկոնոմիկայի նախարարի հայտարարությանը` տնտեսագետն ասաց, որ տվյալ դեպքում մենք խոսում ենք պոպուլիզմի մասին: «Կոռուպցիայի արմատախիլ լինելը՝ որպես երևույթ, ֆենոմեն, ե՞րբ կարող ենք գրանցել. այսինքն՝ ի՞նչ է փոխվել երկրում, որ կոռուպցիա չկա: Լուրջ փոփոխություններ չեն նկատվում, իսկ որոշակի փոփոխություններ միշտ եղել են, բայց այս ասպարեզում ինչ-որ արմատական փոփոխություն չի նկատվել: Ինչ վերաբերում է «կախարդական փայտիկ»-ին և տնտեսական աճին. նախ՝ «կախարդական փայտիկ» ասելով՝ մենք միայն իր ներկայացրած տոկոսների մասին չենք խոսում, այլ, թե՝ ինչպես երկիրն այս վիճակին հասավ՝ բազմահազար կորուստներ կորոնավիրուսից, պատերազմից, տարածքների կորուստ, դա՞ է կախարդական փայտիկը: Բուն տնտեսության մասին. այո՛, ցածր բազայի էֆեկտի շնորհիվ մենք ունենք որոշակի աճ, որն այս պահի դրությամբ 5 տոկոս է կազմում, իսկ տարեվերջին, հավանաբար, մոտավորապես 7 տոկոս կկազմի: Սակայն դա վերականգնողական աճ է. տնտեսության վերականգնումն է նախորդ տարվա ճգնաժամից և պայմանավորված է ցածր բազայի էֆեկտով, այսինքն՝ անցյալ տարվա անկումով է միայն պայմանավորված այս տարվա աճը: Նկատեմ, որ այս պահի դրությամբ մենք նույնիսկ 2019 թվականի մակարդակին չենք հասնում: Այսպիսով՝ ո՞ր կախարդական փայտիկի մասին է խոսքը»:
Անդրադառնալով կառավարության կողմից հաստատված ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծին, որով առաջարկվում է հարկել էլեկտրոնային հարթակներում տեղադրվող գովազդները, Հրանտ Միքայելյանը նկատեց. «Կառավարությունըշ եթե ուզում է նոր ոլորտ հարկել, կարծում եմ, որ պետք է շատ զգույշ մոտենա, որպեսզի բացասական էֆեկտներից խուսափի: Բայց երկարատև կտրվածքով, այո, պետք է նաև օնլայն ծառայությունները հարկել, որովհետև դա ևս տնտեսական գործունեության աճող ուղղություն է»:
Սոնա Գիշյան