Ադրբեջանը պատրաստվում է ճանապարհներով խեղդել մեզ. Արմեն Աշոտյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄինչ դավադիր իշխանությունները ամենաանհեթեթ պատճառաբանություններով տապալեցին Ազգային Ժողովում Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծման մեր առաջարկը՝ Ադրբեջանը, բացի քաղաքական, դիվանագիտական, ռազմական ճնշումներից, նաև ենթակառուցվածքային ճնշում է կիրառում հայկական պետությունների նկատմամբ՝ իր կոմունիկացիոն ճիրանները պարուրելով Արցախի և Սյունիք շուրջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Սրա մասին են վկայում այսօր Ադրբեջանի կողմից հնչեցված մի քանի հայտարարություններ՝ Արցախի օկուպացված տարածքներում և դրանց շուրջը հիմնական նոր ճանապարհի կառուցման հետ կապված։
Կցված քարտեզից (քարտեզը մասնագիտական չէ, այն սխեմատիկ պատրաստել եմ, որպեսզի պատկերացնեք, թե ինչի մասին է խոսքը) կարող եք եզրակացնել, թե ինչպես է Ադրբեջանը խեղդամահ անելու Արցախը։
Կառուցվող ճանապարհներից հատկապես ուշագրավ են հետևյալ ենթակառուցվածքները՝
- Հորադիզ-Աղբենդ․օկուպացված Արցախի հարավում կառուցվող շուրջ 124կմ երկարությամբ այս ճանապարհը նախատեսում է այնուհետև Հայաստանի հարավով (Մեղրիի հատված) միավորվել Նախիջևանի հետ։
- Տողանա-Քարվաճառ-Իստիսու․ 83 կմ երկարությամբ այս ճանապարհը նախատեսում է Ադրբեջանի հյուսիս-արևմտյան հատվածից ուղիղ կապ ապահովել դեպի Քարվաճառ՝ այդ թվում Մռավ լեռան հատվածում 23 կմ երկարությամբ թունելի կառուցմամբ։
- Քարվաճառ-Լաչին․ 73 կմ երկարությամբ այս ճանապարհը նախատեսում է Արցախից մնացած հատվածը շրջանցել նաև արևմուտքից և հերթական ճանապարհը հարթել դեպի Լաչին և Շուշի։ Այսպիսով Ադրբեջանը Արցախը բոլոր կողմերից վերցնում է ենթակառուցվածքային օղակի մեջ։
- Խուդաֆերին-Սանասար-Լաչին․ 70 կմ երկարությամբ այս ճանապարհը հերթական ուղին է դեպի Լաչին։
- Այսպես կոչված «Հաղթանակի ճանապարհը»․ շուրջ 102 կմ երկարությամբ ճանապարհ դեպի Շուշի, որը այժմ շահագործվում է Ադրբեջանի կողմից։
Բացի նշված ուղղություններից՝ Ադրբեջանը նաև հայտարարել է Ախմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշի՝ 82 կմ, Ֆիզուլի-Հադրութ՝ 13 կմ, Շուկուրբեյլի-Ջաբրայիլ-Հադրութ՝ 43 կմ, Բարդա-Աղդամ 45 կմ, Լաչինի «նոր միջանցք»՝ 23 կմ, Թալիշ-Տափկարակոյունլու ճանապարհների կառուցման մասին։
Մեզ համար այս իրավիճակը մի քանի լրջագույն մարտահրավերներ է պարունակում.
1. Արցախի ներսում կոմունիկացիաները խզված են, Արցախի մնացած ճանապարհների հետպատերազմյան ենթակառուցվածքը այնպիսին է, որ Արցախի մի կետից մյուս կետ հասնելու համար մեծ խոչընդոտներ է պետք հաղթահարել։ Նախկինում եղած ճանապարհների մի զգալի մասը այլևս մեր վերահսկողության տակ չէ, իսկ մյուս մասից միայն ռուս խաղաղապահների կարգավորիչ դերակատարությամբ կարելի է օգտվել։
2. Սյունիքում սեփական միջանցքն ունենալու Ադրբեջանի հետևողական և ագրեսիվ քայլերը:
3. Այս քարտեզից ակնհայտ է, որ ադրբեջանական պրոյեկտների հիմնական ուղղությունները գնում են դեպի Շուշի և Լաչին, ինչը նշանակում է, որ Հայաստանը Արցախի հետ կապող պորտալար Լաչինը և ռազմավարական նշանակության Շուշին ադրբեջանցիները մաքսիմալ ամրապնդում են։
4. Կա վտանգավոր հեռանկար, որ այս ամենը իրենք հետագայում կպցնելու են Սյունիքով դեռևս մարտին իմ կողմից բարձրաձայնված Նախիջևան-Սիսիան-Գորիս-Լաչին ավտոճանապարհին։ Հայաստանը ոչ թե օգտվելու է տարածաշրջանային «ապաշրջափակումից», այլ ընդամենը տարածք է դառնալու, որը ծառայելու է թուրք-ադրբեջանական ենթակառուցվածքային նախագծերին։
Ուշագրավ է, որ հիմնական այս նոր ադրբեջանական ճանապարհները Բաքուն նպատակ ունի ավարտին հասցնել մինչև 2024 թվականը։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստվում է ռուսական խաղաղապահների մանդատի ժամկետի ավարտին ենթակառուցվածքային առումով պատրաստ լինել և փաստի առաջ կանգնեցնել ինչպես Ռուսաստանին, այնպես էլ Հայաստանին։
Հայաստանում մինչև իշխանափոխություն չլինի, այս խնդիրների խորքային գիտակցումը չի լինելու ։
Իշխանափոխությունը ընտրություններով չստացվեց և մենք հիմա ազգովի ժամանակ ենք կորցնում, այն դեպքում, երբ Ադրբեջանը զինվում է նաև ենթակառուցվածքներով ու պատրաստվում է Արցախը և Հայաստանը ենթարկել նաև կոմունիկացիոն էքսպանսիայի․․․»,- գրել է Աշոտյանը: