Պատմության այս օրը (օգոստոսի 7)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Կոտ դ'Իվուար՝ Անկախության օր, Ասորական համայնք՝ Ասորի նահատակների օր, Կիրիբտի՝ Երիտասարդության օր, Կոլումբիա՝ Բոյակի ճակատամարտի օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1932 - ԽՍՀՄ-ում գյուղերում ահաբեկման մթնոլորտ ստեղծելու նպատակով մտցվել է օրենք, որով ոչ ծանր հանցագործության համար անգամ նախատեսվել է մահապատիժ, գյուղացին դրվել է ծանր հարկման տակ, և արդյունքը եղել է ոչ թե գյուղատնտեսության «սոցիալիստական» վերակառուցումը, այլ գյուղի քայքայումը։
1935 - վախճանվել է հայ գրող և թատերագիր Ալեքսանդր Շիրվանզադեն։
1936 - ծնվել է հայ խորհրդային ֆիզիկոս Էրիկ Մամիջանյանը։
1945 – ծնվել է բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանը։
1974- վախճանվել է կոմպոզիտոր Վարդան Տիգրանյանը։
1978 - վախճանվել է արձակագիր և թարգմանիչ Ռաֆայել Արամյանը։
1982 - ահաբեկչական հարձակման է ենթարկվել Անկարայի «էսենբոգա» օդանավակայանը։ ԱՍԱԼԱ-ի երկու հայ մարտիկներ զինված ատրճանակներով և նռնակներով ներխուժել են օդանավակայան, կրակ բացել սպասասրահում, վերցրել 20 պատանդ։ Արդյունքում զոհվել է 9 և վնասվածքներ են ստացել 82 անձ։ Ահաբեկիչներից մեկը սպանվել է, իսկ մյուսը ձերբակալվել և հետագայում դատվել։
1998 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Պանամայի հետ։
2002 - Նորանշանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայացած անդրանիկ նիստում ԿԸՀ-ի նախագահ է վերընտրվել Արտակ Սահրադյանը:
2007 - Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանին դատապարտել է մեկուկես տարվա ազատազրկման:
2009 - Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Կարճամետրաժ և անիմացիոն ֆիլմերի միջազգային կինոփառատոնը, որը նվիրված է եղել Սերգեյ Փարաջանովի 85-ամյա հոբելյանին:
2010 - վախճանվել է գերմանացի լեզվաբան, հայագետ Վեռներ Վինտերը։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
317 – ծնվել է Հռոմի կայսր Կոստանդիոս 2-րդը։
626 - ավարներն ու սլավոնները դադարեցրել են Կոստանդնուպոլսի պաշարումը։
1729 - վախճանվել է անգլիացի գյուտարար Թոմաս Նյուկոմենը, որը հանդիսանում է առաջին շոգեշարժիչների ստեղծողներից մեկը։
1782 - վախճանվել է գերմանացի քիմիկոս Անդերսեն Սիգիզմունդ Մարգգրաֆը, որը առաջինն է շաքար ստացել շաքարի ճակնդեղից։
1819 - Սիմոն Բոլիվարը ջախջախել է իսպանական զորքերը Բոյակի ճակատամարտում։
1840 - Անգլիայում արգելել են երեխաներին օգտագործել որպես ծխնելույզ մաքրողներ։
1858 - Անգլիայի Վիկտորիա թագուհին որպես Կանադայի մայրաքաղաք է ընտրել Օտտավա քաղաքը։
1870 - ծնվել է գերմանացի արդյունաբերող և ֆինանսական մագնատ Գուստավ Կրուպպը՝ «Կրուպպ» կոնցեռնի ղեկավարը։
1876 - ծնվել է էկզոտիկ պարերի պարուհի, կուրտիզանուհի և լրտեսուհի Մատա Խարին։
1921 – վախճանվել է ռուս մեծանուն բանաստեղծ Ալեքսանդր Բլոկը:
1921 - արհեստական անձրև ստանալու նպատակով Կանադայի չորային շրջանների ֆերմերներից հավաքելով 3 000-ական դոլար շարլատան Չարլզ Հետֆիլդը փախել է ԱՄՆ։
1938 – վախճանվել է ռուս նշանավոր դերասան և ռեժիսոր Կոնստանտին Ստանիսլավսկին:
1941 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ առաջին անգամ Մոսկվայի տակ օդաչու Վիկտոր Տալլալիխինը իրականացրել է գիշերային խոյահարում և խփել գերմանական ռմբակոծիչը։
1944 – գործարկվել է ամերիկյան առաջին ծրագրային համակարգիչը՝ «Մարկ 1»-ը։
1947 – ծնվել է ծագումով մոլդովացի/ռումինացի ուկրաինացի խորհրդային ճանաչված երգչուհի Սոֆիա Ռոտարուն։
1947 - վախճանվել է ռուս զորավար, քաղաքական և հասարակական գործիչ Անտոն Իվանովիչ Դենիկինը։
1960 – Կոտ դ'Իվուարը անկախացել է Ֆրանսիայից։
1966 – ծնվել է ամերիկացի ինտերնետ գործարար Ջիմմի Ուելսը, որը հանդիսանում է Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի համահիմնադիրը և Վիկիա ընկերության հիմնադիրը:
1968 - ուկրաինական գրողների ճնշումների դեմ բողոքի ելած ցուցարարները Լոնդոնում քարկոծել են ԽՍՀՄ դեսպանատունը։
1970 - կայացել է առաջին համակարգչային շախմատի մրցաշարը։
1987 – Հյուսիս-Կովկասյան Կամենսկայա կայարանում տեղի է ունեցել վթար: Իրար են զարնվել երկու գնացքներ, ինչի հետևանքով զոհվել է 106 մարդ, ևս 114-ը վիրավորվել են։
1987 - վախճանվել է ռուս խորհրդային թատրոնի և կինոյի դերասան Անատոլի Պապանովը։
1990 – Էստոնիան ընդունել է իր պետական դրոշը:
1998 – Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում և Տանզանիայի մայրաքաղաք Դար-էս-Սալամում գտնվող ամերիկյան դեսպանատներում իրականացվել են ահաբեկչական գործողություններ, որի հետևանքով զոհվել է մոտ 250 մարդ, 4000-ը վիրավորվել են։
1999 - չեչեն գրոհայինները ներխուժել են Դաղստան, սկսվել է Երկրորդ չեչենական պատերազմը։
2000 – կանադացի գիտնական Բրետ Գլեդմանը հայտնաբերել է Սատուրն մոլորակի անկանոն արբանյակներ Կիվիոկը, Պալիակը և Իմիրը։
2008 - սկսվել է պատերազմ Հարավային Օսիայում։
2019 - Հատուկջոկատայինները գրոհել են Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևի տունը և ձերբակալել նրան։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը