Մեզ խաբված ենք զգում. գերիների հարազատները բողոքի ակցիա են անում կառավարության շենքի առջև
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԲաքվում պահվող հայ գերիների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի առջև։
«Հիմա հավաքվել ենք, որ իմանանք, թե մեր երեխաները վերջնական երբ են գալու` մեզ օր կարո՞ղ են ասել, թե ոչ։ 8 ամիս մեզ խաբեցին, ու մենք էլ սպասեցինք։ Հիմա 8 տարի են տվել մեր տղաներին։ Այնքան կմնանք, մինչև մեզ պատասխան տան. գնանք տուն, ի՞նչ անենք, տան անդամներին ի՞նչ խաբենք»,–ասաց գերիներից մեկի հայրը։
Նրա խոսքով` ամեն ինչի պատրաստ են` հացադուլ, անժամկետ նստադուլ անել։
Տղամարդը հավելեց, որ 4 օր առաջ է խոսել որդու հետ, բայց 2 րոպեանոց զրույցն ի՞նչ պետք է լինի. շատ բան իմանալ չեն կարող։
Նշենք, որ կառավարության առջև բողոքի ակցիա անողները պահանջում են, որ իրենց ընդունի կա՛մ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կա՛մ էլ որևէ այլ իրավասու անձ, որն իրենց հարցերի պատասխանները կտա։
Ակցիան այս պահին շարունակվում է։
Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին հայրենիք վերադարձան ևս 15 գերի. հայ գերիների վերադարձի դիմաց հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելանի) ականապատ դաշտերի քարտեզները։
Այսպիսով, Հայաստան վերադարձած գերիների ընդհանուր թիվը 103-ն է։ Ի դեպ, երբ Հայաստան վերադարձած գերիների թիվը 88 էր, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների ճշտված թիվը 60 է, չճշտվածը՝ 110։
Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում են մնալ մոտ 200 հայ գերիներ։