Առուշ Առուշանյանի և Լուսինե Ավետյանի վերաբերյալ քրգործի նախաքննությունն ավարտվել է. գործն ուղարկվել է դատախազություն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշ Առուշանյանը, հիշյալ համայնքի ընտրողներից առավելագույն քվեներ ապահովելու եւ ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական եւ խմբային շահերից ելնելով, ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` ընտրություններին մասնակցելու եւ «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից։
Բացի այդ, Առուշ Առուշանյանը Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի միջոցով կազմակերպել է նույն բնակավայրի ընտրողներին 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն եւ «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը:
Իր հանցավոր նպատակի իրականացման համար Ա. Առուշանյանը 2021 թվականի հունիսին՝ ընտրություններից մի քանի օր առաջ, Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լ. Ավետյանի աշխատասենյակում հանդիպել է վերջինիս եւ առաջարկել ընտրություններից հետո դրամական օգնություն տրամադրել այն ընտրողներին, ովքեր կխոստանան ընտրել «Հայաստան» դաշինքին: Այդ կերպ Ա. Առուշանյանը նախապատրաստել է ծանր հանցագործություն, որը, սակայն, ավարտին չի հասցվել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ Լ. Ավետյանը հրաժարվել է ընտրողներին հանդիպելուց եւ նրանց դրամական օգնության տեսքով կաշառք առաջարկելուց:
Բացի այդ, 2021 թվականի ապրիլի 28-ին` Ա. Առուշանյանի պահանջով, Լ. Ավետյանը կազմակերպել է վերջինիս հանդիպումը Քարահունջ բնակավայրի մի խումբ բնակիչների հետ, ովքեր Ա. Առուշանյանից տարբեր խնդիրների լուծման համար դրամական աջակցություն են խնդրել: Այնուհետեւ հիշյալ ընտրողներին Գորիսի համայնքապետարանի կողմից բանկային փոխանցման միջոցով տրամադրվել է 100.000-ից մինչեւ 220.000 ՀՀ դրամ:
Հետագայում՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում, Ա. Առուշանյանը կազմակերպել է Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի ընտրողներին` ընտրությանը մասնակցելուն եւ «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը: Մասնավորապես, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող Լ. Ավետյանին հանձնարարել է ստանձնել նշված դաշինքի՝ Քարահունջ բնակավայրի նախընտրական շտաբի ղեկավարման աշխատանքները եւ բոլոր ռեսուրսները, այդ թվում՝ մինչ այդ պահը Գորիսի համայնքապետարանից արդեն իսկ դրամական օգնություն ստացածներին մեկտեղել, որպեսզի նրանք մասնակցեն ընտրություններին եւ ընտրեն «Հայաստան» դաշինքին:
Ա. Առուշանյանի կազմակերպմամբ Լ. Ավետյանը, իր հերթին, 2021 թվականի հունիսի 7-ին հաջորդած տարբեր օրերի ընթացքում անձամբ` հանդիպումների եւ հեռախոսազանգերի ժամանակ, օգտագործելով Քարահունջ բնակավայրի մի խումբ բնակիչների` սոցիալապես անապահով վիճակում գտնվելու փաստով պայմանավորված կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, նրանց հարկադրել է մասնակցել 2021 թվականի հունիսի 20-ի ընտրություններին եւ կողմ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին:
Ա. Առուշանյանի կազմակերպմամբ Լ. Ավետյանի հիշյալ գործողություններով խաթարվել է ՀՀ Սահմանադրությամբ եւ ՀՀ ընտրական օրենսգրքով երաշխավորված՝ ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի իրականացման՝ ազատության եւ կամավորության սկզբունքի էությունը:
Վերը նշված հանցավոր արարքների համար Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Լուսինե Ավետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որը փոխարինվել է գրավով:
Նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ: