Հիփոթեքային վարկերի եկամտահարկի գումարների վերադարձը հունվարի 1-ից սկսած մեծամասամբ էլ չի գործի․ կառավարության որոշում
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԿառավարությունը օգոստոսի 12-ի նիստին որոշում ընդունեց, ըստ որի հիփոթեքային վարկերի եկամտահարկի գումարների վերադարձը՝ հունվարի 1-ից սկսած, աստիճանաբար էլ չի գործի։
Որոշման նպատակը հիպոտեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակի հետագա ընդլայնումը զսպելն է, ինչպես նաև քաղաքաշինական ու տնտեսական առումներով հանրապետության տարածքների համաչափ զարգացմանը նպաստելն է:
Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ Երևան քաղաքի վարչական սահմաններում ըստ գոտիականության և ըստ տարիների աստիճանաբար կրճատել հիպոտեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակը։ Մասնավորապես, նախագծով առաջարկվում է սահմանել, որ եկամտային հարկի վերադարձման համակարգը կիրառելի չէ՝
ա․ 2022 թվականի հուլիսի 1-ից, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի առաջին գոտում,
բ․ 2023 թվականի հունվարի 1-ից, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի երկրորդ գոտում,
գ․ 2023 թվականի հուլիսի 1-ից, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի երրորդ գոտում,
դ․ 2025 թվականի հունվարի 1-ից, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի այլ գոտիներում,
Սահմանվել է նաև, որ առաջարկվող սահմանափակումները կիրառվելու են 2022 թվականի հունվարի 1-ից հետո կայացված որոշումներով ստացված շինարարական թույլտվությունների հիման վրա կառուցվող անհատական բնակելի տների և բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների մասով։
Բնականաբար, նախագծի ընդունումը չի նշանակում, որ պետք է դադարեցվի եկամտային հարկի վերադարձը այն անձանց, որոնք համակարգի կիրառության շահառու են դարձել մինչև սույն օրենքի ընդունումը կամ մինչև սույն օրենքով սահմանվող վերջնաժամկետները։ Այս շրջանակի անձինք շարունակելու են սահմանված կարգով հետ ստանալ եկամտային հարկի գումարները։