Հաղորդման սինոփսիսը ես առձեռն ստացել եմ Կարեն Քոչարյանից. Լուսինե Առաքելյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀաղորդավար Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Հանրային Հեռուստատեսությամբ եթեր հեռարձակված «Գաղափարից մինչև բիզնես» հաղորդման գաղափարը ինքն է տարել ԿԳՄՍ դեռևս 2019թ. դեկտեմբերին․
«Այս հաղորդման գաղափարը տարել եմ ԿԳՄՍ դեռ 2019թ դեկտեմբերին և հաղորդման սինոփսիսը քննարկել եմ Արայիկ Հարությունյանի և Լուսինե Առաքելյանի հետ: Հետո, ավելի ուշ այն քննարկել ենք Վահագն Թևոսյանի հետ: Հետո ես իմացա, որ հաղորդումն այնուամենայնիվ անում են, բնականաբար առանց ինձ: Խոսեցի Թևոսյան Վահագի հետ, և նա ինձ ասաց, որ առանց ինձ էլ այդ միտքը կար: Իսկ միտքն առաջացավ այն ժամանակ, երբ Արայիկ Հարությունյանն ինձ խնդրեց «Ինչ, որտեղ, երբ»-ի շրջանակներում դպրոցներում ֆինանսական կրթության թեմայով խաղ կազմակերպել: Ես, իհարկե, խաղը կազմակերպեցի, սակայն ասացի, որ դա կկրի զուտ ֆորմալ մեկանգամյա բնույթ: Եթե իրանց հետաքրքրում է ֆինանսական կրթության առաջխաղացումը, ես ուրիշ բան էլ կմտածեմ: Եվ մեր հանդիպումից մի 20 օր հետո ներկայացրեցի այդ ծրագրի սինոփսիսը: Պարզապես հիշեցի «Акулы бизнеса» հաղորդումը և փորձեցի այն ավելի զարգացնել: Ի դեպ ասեմ, որ իմ ներկայացրած հաղորդման մեջ ոչ միայն IT ոլորտի ստարտ ափ-երի մասին էր խոսքը: Հ.Գ. Կարծում եմ, թե՛ Արայիկ Հարությունյանը, թե՛ Լուսինե Առաքելյանը կհաստատեն այս պատմությունը․․․Հ.Գ. Ի դեպ, եթե կարողանան նորմալ իրականացնել ծրագիրը և հայ երիտասարդները հնարավորություն ստանան իրագործել իրենց գաղափարները ես միայն ուրախ կլինեմ: Բայց վախենամ, որ սա հերթական PR քայլը լինի իշխանությունների համար»։
Այս թեմայով զրուցել ենք ԿԳՄՍ նախարարի նախկին տեղակալ Լուսինե Առաքելյանի հետ։ Անդրադառնալով Կարեն Քոչարյանի գրառմանը` Լուսինե Առաքելյանը 1or.am –ի հետ զրույցում ներկայացրեց ողջ պատմությունը․
«Նախ ասեմ, որ նախարարությունը միայն քաղաքականություն մշակողն է, և ինքը հայտարարում է, թե ինչ քաղաքականություն է մշակում և դրա համար նոր նախագծեր և ծրագրեր են առաջարկվում։ Եթե այդ նախագծերը համահունչ են նախարարության քաղաքականությանը, և եթե գումար է ներդրվում այդ ծրագրի համար, ապա միանշանակ այդ ծրագիրը համատեղ իրագործվում է։
Նախարարությունը դեռևս 2018 թվականին ձեռնարկել էր ֆինանսական կրթության և ձեռնարկատիրական կրթության խթանումը դպրոցներում։ Դպրոցական առարկաների բաղադրիչներից բացի աշակերտները դպրոցում սովորում էին նաև ֆինանսական կրթություն։ Ֆինանսական կրթությունը արվում էր ԿԲ-ի հետ համագործակցությամբ և ՏՀԶԿ-ի հետ համատեղ, իսկ ձեռնարկատիրական կրթությունը նախարարությունը անում էր «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ-ի հետ, և այդ բոլորը արվում էր դպրոցական առարկաների բաղադրիչներից։ Ինչ-որ պահից հանրակրթական դպրոցների ծավալները շատ մեծացան և մենք հասկացանք, որ դպրոցի տիրույթից պետք է դուրս գանք և կառավարության հետ համատեղ քննարկումից հետո որոշեցինք, որ կրթական դպրոցների տիրույթից էլ պետք է դուրս գանք և ֆինանսական կրթությունը հասանելի դարձնենք ավելի լայն շերտերի համար։ Այդ ամենը հնարավոր էր անել նաև հեռուստատեսությանը ներգրավելով՝ հեռուստասերիալներ, ֆիլմեր, անիմացիոն մուլտֆիլմեր, սոցիալական գովազդներ ինչպես նաև հաղորդումներ։
Ֆինանսական կրթությունը եթեր թողնելու առաջին փորձը եղել է «Ինչ, որտեղ, երբ» հաղորդաշարի ժամանակ, երբ մենք դա քննարկել ենք պարոն Քոչարյանի հետ և եթերաշրջաններից մեկը նվիրել են ֆինանսական կրթությանը, այսինքն հարցերը եղել են ֆինանսական կրթության բաղադրիչներ։ Ավելին ասեմ, մեր այն աշակերտները, ովքեր անցել են և՛ ֆինանսական կրթություն, և՛ ձեռնարկատիրական կրթություն խաղերից մեկի ժամանակ նույնիսկ մասնակցել են որպես թիմ, պարոն Քոչարյանն էլ մեծ սիրով համաձայնվել է այդ նախաձեռնությանը։
Մենք նաև Հանրայինի եթերում «Գերազանցիկ» հաղորդաշարի շրջանակներում ունեցել ենք ֆինանսական և ձեռնարկատիրական բաղադրիչ ունեցող հարցեր, որից պարզ էր դառնում, որ դպրոցներում դա սովորում են։ Պարզ էր մեզ համար, որ սա չի կարող շարունակական լինել, և մենք կառավարությունից հանձնարարություն ստացանք, որ այս ամենը պետք է լինի շարունակական, բայց թե ինչո՞ւ է հիմա այս նախագիծը ԲՏԱ նախարարությունն անում չեմ կարող ասել։ Այդ ծրագրի համար սինոփսիս հաղորդման ծրագրի փաթեթ է ներկայացրել Կարեն Քոչարյանը։ Ես անձամբ պարոն Քոչարյանից առձեռն ստացել եմ այդ հաղորդման փաթեթը, որտեղ մանրակրկիտ ընդհանուր գաղափարը նշված էր փուլերով հանդերձ, թե որքան է այն նախատեսված։ Ու քանի որ այդ հաղորդման սինոփսիսը մտնում էր մեր քաղաքականության տրամաբանության մեջ, և նույնիսկ մենք կառավարությունից ունեինք հանձնարարական եթեր դուրս գալու, մենք մեր բյուջեից գումար խնդրեցինք, որով մենք մեր առջև դրված այդ բոլոր խնդիրները և հանձնարարականը կկատարենք բազմաշերտ ծրագրերի միջոցով։ Այդ ծրագրերից մեկը սոցիալական գովազդն էր, հաջորդը սերիալների, մուլտֆիլմերի կինոների միջոցով ցուցադրելն էր, և երրորդն էլ հաղորդաշարերի միջոցով էր, որոնց համար բնականաբար պետք է մրցույթ հայտարարվեր։
Պարոն Քոչարյանի ծրագիրը ներառված է եղել մեր բյուջեի տողում։ Հիմա ես չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել, ու նաև ասեմ, որ ես զարմացել եմ, քանի որ այդ հաղորդաշարը եղել է ԿԳՄՍ քաղաքականությունը, սակայն հիմա սա անում է ԲՏԱ նախարարությունը։ Իրականում կարգը այնպես էր, որ եթե ներկայացված ծրագիրը համապատասխանում է նախարարության քաղաքականությանը և ֆինանսավորման է արժանանում, ապա այդ ծրագիրը իրագործում է հենց ծրագիրը ներկայացնողը։ Տվյալ դեպքում պարոն Քոչարյանի ներկայացրած ծրագիրը համապատասխանում էր մեր նախարարության քաղաքականությանը։ Ասել, որ նման գաղափար եղել է պարոն Թևոսյանի մոտ, իրականում ես տեղյակ չեմ և նաև չգիտեմ, թե ինչ են խոսել պարոն Թևոսյանի հետ, իր մոտ գուցե նախապես ինչ-որ գաղափար եղել է, ես չեմ կարող ասել, բայց այդ ծրագիրը ես առձեռն ստացել եմ պարոն Քոչարյանից, մենք այն քննարկել ենք Արայիկ Հարությունյանի հետ և հասկացել ենք, որ դա մեր քաղաքականությանը համապատասխան է և շատ մեծ ոգևորությամբ պատրաստվում էինք դա իրականացնել։ Դրանից հետո ես արդեն դուրս եմ եկել, և հետո չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել։ Գուցե հիմա այդ ծրագիրը իմ ասածի տրամաբանության մեջ չի, գուցե այլ տողով է գնում ես տեղյակ չեմ, բայց այն, որ այդ հաղորդման ծրագիրը եղել է Կարեն Քոչարյանի կողմից և ես այդ ծրագիրը ստացել եմ իրենից, մենք դա քննարկել և նույնիսկ հավանության ենք արժանացրել դա ճիշտ է»։
Սոնա Գիշյան