Դպրոցի տնօրեններից բողոքելու փոխարեն, հարցերն ուղղեք առողջապահության նախարարին․ Սոֆյա Հովսեփյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱժ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի գրառումը․ «Հարգելի՛ ծնողներ, մանկավարժներ և մտահոգ քաղաքացիներ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր ստացել եմ բազմաթիվ զանգեր և նամակներ կապված դպրոցներում դասերի կազմակերպման հետ, հարկ եմ համարում անդրադառնալ նաև հրապարակային, քանի որ հասկանում եմ՝ կարիքը կա։
Այո՛, ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է, որ կարող է դասերը լինեն ամեն օր և առկա ուսուցմամբ, սակայն պետք է խստագույն կերպով պահպանվի սանիտարահիգենիկ բոլոր նորմերը, որոնք սահմանված են ԱՆ կողմից։
Շան գլուխը հենց այստեղ է թաղված և այս պարբերությանը քչերն են ուշադրություն դարձրել (խստագույն կերպով պահպանել սանիտարահիգենիկ բոլոր նորմերը) ։
Նորմերի մեջ են մտնում նաև այն կետերը, որ աշակերտները պետք է նստեն իրարից հեռու սահմանված հեռավորությամբ, առանձին և այլն։ Իսկ 30 և ավել աշակերտ ունեցող դասարաններում հնարավոր չէ կազմակերպել դասերն ամեն օր, քանի որ մեր ոչ մի դպրոցում չկան նման պայմաններ։ Ուստի՝ դպրոցները ստիպված են այդ նորմերը պահպանել և դասարանը բաժանել երկու մասի՝ դասերը կազմակերպելով օր ու մեջ։
Միայն այն դպրոցները, որոնք ունեն փոքր դասարաններ՝ մինչև 20 աշակերտ, իրենք կարող են օգտվել այս հայտարարությունից և չկիսելով դասարանները՝ դասապրոցեսը կազմակերպել ամենօրյա ռեժիմով։
Մյուս դեպքում, այդ հայտարարությունը և առողջապահության նախարարության սահմանած պահանջները հնարավոր չի իրականացնել։
Ուստի՝ խնդրում եմ դպրոցի տնօրեններից բողոքելու փոխարեն, հարցերն ուղղեք առողջապահության նախարարին կամ ընդունելով այն հանգամանքը, որ այս փուլում կարող է ռիսկը այս տարբերակով կանխվել, ըմբռնումով մոտեցեք հարցին»։