Տեր-Պետրոսյանի հերթական նամակը Մոսկվային. «168 ժամ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթն իրարանցում է առաջացրել հանրության որոշակի շերտերում, սոցիալական ցանցերում, մամուլում։ Այն դեպքում, երբ այդ ելույթն ուղղված չէր ո՛չ մամուլին, ո՛չ էլ, առավել եւս, հասարակությանը։
Լեւոն Տեր-Պետրոսյանը բազմիցս ապացուցել է, որ իր ելույթներում ավելի շատ հարաբերվում է իշխանության կամ աշխարհաքաղաքական որեւէ բեւեռի, որպես կանոն՝ Ռուսաստանի հետ։ ՀԱԿ համագումարի նրա ելույթը եւս բացառություն չէր։ Հայաստանում այլեւս ամենայնն ավելի քան ռուսական է.
Ռուսական է իշխանությունը, ռուսական է կառավարությունը, ռուսական է գործող ընդդիմության մեծ մասն ու որպես ընդդիմություն կերտվող մյուս մասը։ Այս պայմաններում նա հայտ է ներկայացնում ռուսականության ծիրին մեջ կատարելու գործառույթ, որին հայկական քաղաքական համակարգի մյուս մասնակիցները կամ պատրաստ չեն, կամ ընդունակ չեն։
Տեր-Պետրոսյանի ասածի իմաստը, մեծ հաշվով, հանգում է նրան, որ ինքն իր ղեկավարած ՀԱԿ-ով պատրաստ է իրականացնելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռուսական պլանը, որը ձախողվեց ապրիլյան պատերազմում։
Ու քանի որ Հայաստանի իշխանությունը եւս հայտարարել է այդ պլանին առնվազն չընդդիմանալու իր պատրաստակամության մասին, Տեր-Պետրոսյանն առաջարկում է այդ գործարքի քարոզչական մասի իրականացումը՝ ամենայն հավանականությամբ, ապագա խորհրդարանում, կամ որ նույնն է՝ իշխանական համակարգում որոշակի ներգրավվածության դիմաց։
Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման «բանալին Ռուսաստանում է», որն իրականում նշանակում է, որ նա ընդունում է՝ Հայաստանում իշխանության ձեւավորման բանալիին՝ Ռուսաստանի տիրապետելու փաստը։ Որովհետեւ իրականում Ռուսաստանում է ղարաբաղյան հարցի ոչ թե լուծման, այլ առհավետ չլուծման ու այդպիսով տարածաշրջանում ռուսական ներկայության պահպանման բանալին, ինչի շարունակականությունն ապահովելու պատրաստակամություն էլ հայտնում է անկախ Հայաստանի առաջին նախագահը։ Կընդունվի նրա առաջարկը Հայաստանի իշխանության ու, որ երեւի ավելի կարեւոր է, առաջարկի հեղինակի համար՝ Ռուսաստանի կողմից, ցույց կտա ժամանակը։
Իսկ մինչ այդ Տեր-Պետրոսյանի ելույթի հանրային արձագանքները կլցնեն քաղաքական օրակարգի վակուումը, որն ամեն օրվա հետ ավելի ցայտուն է դառնում ընտրություններին մոտենալուն զուգընթաց։ Դա եւս մեկ ծառայություն է իշխանությանը, որը քաղաքական բանավեճի անվան տակ իրեն հարմար խորհրդարան ձեւավորելու խնդիր ունի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում