Մահացել է «Իմ մեծ հունական հարսանիքը» ֆիլմի դերասանը
ՄՇԱԿՈՒՅԹ94 տարեկանում մահացել է «Իմ մեծ հունական հարսանիքը» ֆիլմի աստղ Մայքլ Կոնստանտինը, հայտնում է The Hollywood Reporter-ը։
Դերասանի հարազատների խոսքով՝ Կոնստանտինը հիվանդությունից հետո մահացել է օգոստոսի 31-ին Փենսիլվանիա նահանգի Ռեդինգ քաղաքում։
Մայքլ Կոնստանտինը ծնվել է 1927թ․-ի մայիսի 22-ին Հունաստանից ներգաղթյալների ընտանիքում։ Նրան հայտնիություն է բերել 2002թ․-ի «Իմ մեծ հունական հարսանիքը» ֆիլմում կատարած դերը, ինչպես նաեւ 2016թ․-ին թողարկված սիքվելը։
ԱՄՆ-ում դերասանը հայտնի էր հեռուստատեսությունում կատարած աշխատանքով, մասնավորապես «222 սենյակ» սերիալով, որում կատարած դերի համար «Էմմի» մրցանակի է արժանացել որպես երկրորդ պլանի լավագույն դերասան եւ 1970թ․-ին առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի։ Կոնստանտինը նաեւ մասնակցել է «Մթնշաղի զոնա», «Մասնավոր խուզարկու Մագնում», «Օրենք եւ կարգուկանոն», «Խուզարկու Ռաշ», «Իմ կյանքը» ֆիլմերի եւ սերիալների, Սթիվեն Քինգի «Նիհարողը» վեպի էկրանավորման աշխատանքներին։