Ամանորին չգիրանալու լուծումն էլ է գտնվել
ՎԻԴԵՈ«Ամանորն ամենասիրված, սպասված ընտանեկան տոնն է, և այն, թե ինչպես կկազմակերպենք ու կանցկացնենք այն, կախված է այդ տոնի հանդեպ մեր վերաբերմունքից, իսկ այն ձևավորվում է մանկության տարիներին և մեծ դեր է խաղում հենց ընտանիքը: Այդ իսկ պատճառով, եթե ընտանիքում երեխաներ կան, շատ ժամանակ պետք է հատկացնել նրանց, փորձենք ապահովել դրական հուզական վիճակը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան, Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնի ղեկավար Սոնա Հարությունյանը:
Հոգեբանը կարևորեց նաև տարվա ընթացքում ձեռքբերումների, հաջողությունների, բացթողումների վերլուծությունը:
Սննդաբան Վարդանուշ Պետրոսյանն էլ անդրադարձավ այն «չի կարելի»-ներին, որոնց մասին հատկապես տոների ժամանակ շատերը մոռանում են և առաջինը, ինչի մասին հետո սկսում են անհանգստանալ՝ քաշի ավելացումն է.
«Խորհուրդ ենք տալիս Նոր տարին պլանավորել դեռ ամառվանից, քանի որ այդ ժամանակ են հասանելի ու թարմ միրգն ու բանջարեղենը: Այսինքն, պետք է դրանք պահել՝ չորացնելով կամ սառնարանում պահելով, քանի որ այս դեպքում օգտակար հատկությունները պահպանվում են: Իսկ, եթե այս ամենը չեք արել, ապա, գոնե նոյեմբերին սկսեք քաշը նվազեցնել՝ 1-2 կիլոգրամով: Վերացրե՛ք, գազավորված ըմպելիքները, թթվասերախեղդ աղցանները, յուղոտ մսերը»:
Անի Կարապետյան