Սեյրան Օհանյանն ընդդեմ Օհանյան Սեյրանի. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Եվ այսպես, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը վերջապես հանդես եկավ երկար սպասված իր հայտարարությամբ։ Օհանյանի հայտարարությունը, սակայն, լիրիկական զեղումները հանած այդպես էլ որևէ հարցի պատասխանը հստակ չտվեց, քանի որ այն ավելի շատ դեկլարատիվ բնույթ էր կրում։
Հայտարարության միակ առանցքն այն էր, որ Սեյրան Օհանյանը պարզապես նշում է 2017 թվականի ընտրություններին իր ակտիվ մասնակցության մասին։ Իրականում մինչ 2017 թվականի ապրիլը դեռ բավական ժամանակ կա և մեծ հաշվով հարցականի տակ է՝ արդյոք Օհանյանը կներգրավվի այդ գործընթացներում, թե ոչ։ Այս տեսանկյունից, բոլորովին վերջերս, երբ Արա Աբրահամյանը նախապես հայտարարելով քաղաքականություն մտնելու և ակտիվ մասնակցություն ունելու մասին, դուրս եկավ քաղաքականությունից ու ընտրապայքարից՝ այդպես էլ չմտնելով դրա մեջ։ Ուստի պետք է նշել, որ դեռ վաղ է Օհանյանի մուտքը քաղաքականություն ընդունել որպես կայացած փաստ։
Սակայն առավել հետաքրքիր է, թե ինչու և ինչպես է Օհանյանը ցանկանում քաղաքական պայքարի մեջ մտնել: Դեռևս Սեյրան Օհանյանի պաշտոնանկությունից առաջ տարբեր լրատվամիջոցներ սկսեցին լուրեր տարածել Սերժ Սարգսյանի և Սեյրան Օհանյանի հարաբերությունների սրացման մասին։ Թե ինչքանով էին արժանահավատ այս տեղեկությունները դժվար է ասել, սակայն աներկբա է, որ եթե անգամ Սեյրան Օհանյանը այդ հարաբերությունների վատացման արդյունքում է որոշում քաղաքականություն մտնել, ապա նա ի սկզբանե ձախողված է։ Վերջիվերջո պետք է ընդունել, որ նեղացածությունը, անձնական հարաբերությունների վատացումը և նմանօրինակ այլ հանգամանքները նախ և առաջ քաղաքական կատեգորիաներից դուրս են և բացի այդ, չափազանց թույլ մոտիվացիա են՝ քաղաքական պայքար սկսելու համար։
Բացի այս, Սեյրան Օհանյանի քաղաքականություն մտնելու հանգամանքում կա մի հետաքրքիր նրբերանգ։ Ինչպես իր հայտարարության մեջ նշում է Օհանյանը, նա 17 տարի շարունակ բարձր զինվորական պաշտոններ է զբաղեցրել։ Սա նշանակում է, որ 17 տարի շարունակ նա ծառայել է ներկա և նախկին վարչակարգերին, տարիներ շարունակ ուղղակիորեն ենթարկվել է Սերժ Սարգսյանին և ընդունել նրան որպես գերագույն գլխավոր հրամանատար։ Նման պայմաններում պարզապես անհասկանալի է, թե ինչու է Օհանյանը ներկայում ցանկանում մտնել քաղաքական պայքարի մեջ՝ այն էլ ընդդիմադիր կեցվածքով։ Գուցե նա պաշտոնանկությունից հետո նոր է տեսնում առկա վարչակարգի բոլոր թերություններն ու թերացումները, սա թերևս մեկնաբանության անգամ ենթակա չէ, քանի որ չափազանց պարզունակ է։ Վերջիվերջո պետք է փաստել, որ ապրիլյան ռազմական գործողությունները բացահայտեցին Զինված ուժերում առկա բազմաթիվ թերացումներ և խնդիրներ, որոնցից ինչքան էլ ներկայում չբարձրաձայնվեն, համապատասխան հետևություններ են արվել։
Իհարկե, հաշվի առնելով հայաստանյան քաղաքական իրականության առանձնահատկությունները, հնարավոր չէ բացառել նաև, որ Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքականություն ընդդիմադիր կեցվածքով լիովին տեղավորվում է վարչակարգի ամենավերին օղակում գրված սցենարի մեջ, սակայն անգամ այս դեպքում պարզունակ հարց է առաջանում, թե ինչու է Օհանյանը համաձայնվել նման դերի, քանի որ իրավամբ նա բավական մեծ ավանդ ու փորձ ունեցող գործիչ է, և ցանկության դեպքում կարող էր այդ փորձն օգտագործել պետության և հասարակության շահերի համար, քան քաղաքական գործունեությունն է։ Սակայն ամեն դեպքում, թերևս պետք չէ շտապել նաև այս հարցում։
Վերջապես բաց է մնում այն հարցը, թե ում կամ ինչին է ընդդիմադիր լինելու Սեյրան Օհանյանը, որը հավասարապես կրում է ներկա վարչակարգի բոլոր հաջողությունների և ձախողումների պատասխանատվությունը՝ լինելով այդ վարչակարգի առանցքային գործիչներից մեկը՝ առնվազն 2008 թվականի մարտի 1–ից սկսած։
Այս բոլոր հարցադրումները հանգում են նրան, որ Սեյրան Օհանյանը գուցե պետք է պարզապես իր փորձը, գիտելիքները և կարողությունները ծառայեցնի բոլորովին այլ ոլորտներում, սակայն ամեն դեպքում, որևէ մեկը չի կարող նաև արգելել Օհանյանին զբաղվել քաղաքականությամբ, և միմիայն նրա որոշման խնդիրն է, սակայն նման որոշման դեպքում Սեյրան Օհանյանը պետք է պատրաստ լինի նաև քաղաքականությանն ուղեկցող բոլոր երևույթներին։
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: