Մահացել է լեգենդար կինոօպերատոր Լևոն Աթոյանցը
ՄՇԱԿՈՒՅԹԿյանքից հեռացել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, լեգենդար կինոօպերատոր Լևոն Աթոյանցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունից։
«Խորապես ցավակցում ենք Լևոն Աթոյանցի ընտանիքի անդամներին, հարազատներին, բարեկամներին, մեր ողջ հանրությանը։ Լևոն Աթոյանցի կորուստը մեծ է ինչպես հայկական կինոյի, այնպես էլ ողջ հայ մշակույթի համար»,- նշել են միությունից:
Որպես օպերատոր նկարահանել է ավելի քան 30 ֆիլմ՝ «Մորգանի խնամին», «Հեղնար աղբյուր», «011 աքսորականը», «Քաոս», «Վառված լապտեր» և այլ հանրահայտ գեղարվեստական ժապավեններ:
Լևոն Աթոյանցը ծնվել է Թբիլիսիում՝ 1930 թվականի սեպտեմբերի 9-ին: 1951-54 թթ. սովորել է Լենինգրադի կինոճարտարագետների ինստիտուտում: Ուսման ընթացքում աշխատել է «Լենֆիլմ» կինոստուդիայում` որպես օպերատոր: Այնուհետև, հոր հիվանդ լինելու պատճառով, վերադարձել է Թբիլիսի:
1954 թ. աշխատել է մեքենաների վերանորագման գործարանում` որպես արհեստավոր: Մեկ տարի հետո աշխատել է Թիֆլիսի Ժողովրդական տանը: 1955 թ. տեղափոխվել է Հայաստան: 1956 թ. սկսած աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես կինոօպերատոր:
1960 թ. և 1963 թ. գործուղվել է «Մոսֆիլմ» կինոստուդիա` սեմինարների: Արժանացել է «Հրաշալի կինո ԽՍՀՄ» մեդալի: 1996- 2000 թթ․ սովորել է Անանիա Շիրակացու անվան համալսարանի լրագրողական բաժնում, այնուհետև օպերատորի կուրսեր է դասավանդել Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայում և Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Պարգևատրվել է «Գրիգոր Նարեկացի» ոսկե մեդալով:
2012 թ. արժանացել է «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության Հատուկ մրցանակի` հայկական կինոյում ներդրած վաստակի համար: 2018 թ. արժանացել է Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալի, 2020 թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի: Մահացել է 2021 թվականին՝ սեպտեմբերի 24-ին, Երևանում: