Արթուր Ղազինյանին 10-րդ անգամ չընտրեցին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հոբելյանական՝ 10-րդ անգամ չընտրվեց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ։ Ընդդիմադիր պատգամավորները երեկ չէին էլ ներկայացել հանձնաժողովի նիստին՝ հրաշալի հասկանալով, որ իշխանական պատգամավորներն ունեն հրահանգ՝ չընտրել Ղազինյանին, և ամեն գնով կատարելու են այդ հրահանգը։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ եթե խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ներկա լիներ, ինքը հարց կտար նրան․ «Պարոն Օհանյան, սա Ձե՞ր առաջարկն է, թե՞ Ռոբերտ Քոչարյանի առաջարկը: Այս շրջապտույտն արդեն տրամաբանությունից դուրս է: Մենք սրա օրենսդրական կարգավորումը պետք է տանք»,- ասաց նա և հորդորեց ընդդիմությանն իրենցից կախված քայլ անել:
«Քաղաքացիական պայմանագիրը» շարունակում է խափանել ԱԺ ամենակարևոր հանձնաժողովի աշխատանքը, պատրաստ է ևս մի քանի տասնյակ անգամներ չկատարել Դոնթի բանաձևով իր վրա դրված պարտականությունը, միայն թե կատարի Նիկոլ Փաշինյանի անձնական հրահանգը և չընտրի Ղազինյանին։ Ընդդիմությունն, իհարկե, արդեն ապացուցել է, որ մտադիր չէ ընկրկել իշխանական ճնշումներին և փոխարինել իր թեկնածուին։ Այս իրավիճակը վաղուց արդեն նույնիսկ ծիծաղելի չէ։ Փոքրիկ բռնապետի ավելի փոքրիկ կամակատարները պատրաստ են սեփական ինքնանվաստացման գնով կատարել Նիկոլ Փաշինյանի ցանկացած ապօրինի հանձնարարություն, թեև իրենք էլ են գիտակցում, որ ծաղրի առարկա են դարձել հանրության մոտ։ Տարրական ինքնուրույնություն ու ինքնահարգանք չունեցող այս անձինք էլ կոչված են քննելու Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքները։
Արտաշես Սիմոնյան