Գնաճը կարող է նախարարի պաշտոն արժենալ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀայաստանի տնտեսությունը հերթական հակառեկորդն է գրանցել. վիճակագրական կոմիտեն հերթական անգամ արձանագրում է, որ 2021 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին գնաճը շարունակվել է՝ դառնալով 6,9 տոկոս։ Գնաճ է արձանագրվել ոչ միայն անցած տարվա հոկտեմբերի նկատմամբ (9,1 տոկոս), այլ նաև այս տարվա հոկտեմբերին սեպտեմբերի նկատմամբ (0,7 տոկոս)։ Նկատենք, որ 2013 թվականից հետո նման գնաճ չենք ունեցել։
Շարունակվող բարձր գնաճը հատկապես մտահոգիչ է մարդկանց եկամուտների և տնտեսական ակտիվության նվազման պայմաններում։ 2021 թվականի հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ սննդամթերքի գներն աճել են ավելի քան 16 տոկոսով, հագուստը և կոշիկը՝ 11,7 տոկոսով, տրանսպորտը՝ 8,4 տոկոսով, առողջապահությունը՝ 4,7 տոկոսով և այլն։ Առաջին անհրաժեշտության այս ապրանքների գների աճը սպառնում է լուրջ խնդիր դառնալ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության համար։
Պատերազմից հետո փաշինյանական իշխանությունը կեղծ վիճակագրական տվյալներ էր տարածում՝ իբր երկնիշ տնտեսական աճ գրանցելու մասին։ Այդ գործում, ի դեպ, հատկապես առաջադիմել էր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Վերջինս նույնիսկ ուշադրություն չէր դարձնում միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կանխատեսումներին, թե Հայաստանում տնտեսությունը կարող է աճել լավագույն դեպքում 6-6,5 տոկոսով։ Երեկ էլ նույն Քերոբյանը պնդել է, թե պատրաստ է հրաժարական տալ, եթե երկնիշ տնտեսական աճի իր կանխատեսումները 2021թ.–ին չիրականանան։ Այս մասին նա հայտարարել է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջե-2022թ.–ի քննարկման ժամանակ` պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Անդրանիկ Թևանյանի հարցին։
«Էկոնոմիկայի նախարարությունը չի կարող պատասխան տալ ինֆլյացիայի համար։ Իսկ անվանական աճը մեզ մոտ կարող է 15 տոկոս էլ ստացվել։ Անվանականով աճը երկնիշ հաստատ կլինի։ Եթե չլինի, ես հրաժարականիս դիմումը կտամ պարոն վարչապետին»,– ասել է Քերոբյանը։
Վարդան Ասատրյան